Դեկտեմբերի 2-ին նշվում է երկչափ համակարգչային գրաֆիկայի դիզայներների ոչ պաշտոնական մասնագիտական օրը։ Տրամաբանական է, որ այս տոնի համար ընտրվել է մասնագիտության անվանմանը համահունչ ամսաթիվ՝ 2D — 2 December, եւ այս տոնն արդեն մեծ տեմպերով պոպուլյար է դառնում, հայտնում է Calend–ը։

Համակարգչային գրաֆիկայի դիզայներները պահանջված են այն ընկերություններում, որոնք համակարգչային խաղեր են ստեղծում։ Այդ մասնագետներն իրենք են հորինում իրենց հերոսներին, նրանց տեսքը, բնավորությունը, դիրքերը, իսկ հետո նկարում դրանք։ 2D- նկարիչները նշում են, որ իրենք քիչ են տարբերվում սովորական նկարիչներից, որոնք վրձին են օգտագործում։ Երկու դեպքում էլ պահանջվում է առարկաները գրագետ համադրելու ունակություն, անատոմիայի մասին պատկերացում, գունագիտության մասին որոշակի գիտելիքներ եւ այլն։ 2D-նկարիչները, սկսելով նոր նախագիծ, նախ այն նկարում են թղթի վրա, իսկ հետո նոր՝ համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ։ Համակարգչային նկարիչ դառնալու համար նկարչական կրթություն ունենալը պարտադիր չէ։