ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրում նշանավորել են հայնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը: Որմնանկարի վերականգնումը իրականացվել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին այս որմնանկարը դուրս է բերվել լքված գործարանի շենքից, իրականացվել են վերականգնման ու պահպանման աշխատանքներ, եւ այն տեղակայվել է Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում՝ կրկին հասանելի դառնալով հանրությանը:
«Այս որմնանկարը, որի վերականգնման աշխատանքների ավարտը մենք նշանավորում ենք այստեղ, մի քանի տարի լքված գործարանի շենքում էր՝ աչքից հեռու ու փոշու մեջ պարփակված: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ այն այժմ նոր շունչ է ստացել: Այն գտնվում է արվեստագետների, համայնքային առաջնորդների ու նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ, եւ այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությունը եւ դա կոգեշնչի նրանց Հայաստանի ոգին արտացոլող արվեստի նոր գործեր ստեղծել », - նշեց դեսպան Միլսը:
Որմնանկարի հեղինակը հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն է (1923-2013), ում ստեղծագործությունները համարվում են ազգային գանձեր: Նրա որմնանկարները տեղ են գտել Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում:
«Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2003թ.՝ հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Արման Ավետիսյանի կողմից նպատակ ունենալով ապահովել իր հոր եւ մյուս նկարիչների որմնանկարների պահպանությունը՝ դրանք հանելով Գյումրու լքված կառույցներից եւ տեղափոխելով ապահով վայրեր:
«Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսեւորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում», - ասաց դեսպան Միլսը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում Գյումրու որմնանկարները փրկելու ուղղությամբ: Անցած տարի, մեկ այլ ծրագրով իրականացվել են Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման աշխատանքները, որն այժմ տեղակայված է Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում:
ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. հիմնեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը համամարդկային մշակութային ժառանգությունը նշանավորելու ու երկրների ու ժողովուրդների մերձեցման համար ճանապարհ հարթելու նպատակով: Հիմնադրամի միջոցով ամեն տարի ֆինանսավորվում են եզակի մշակութային արժեքների պահպանության մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր վայրերում:
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում ծրագրեր իրականացվել են 2005թ.-ից, մասնավորապես՝ հնագիտական գտածոների պահպանություն Արենու քարանձավում, աշխատանքներ Դաշտադեմի ամրոցում, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի եւ այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրում ու ցուցակագրում, Գառնու միջնադարյան կամրջի պահպանություն եւ հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում: Այս տարի ավելի վաղ՝ աշնանը, Հիմնադրամի կողմից 450.000 ԱՄՆ դոլար շնորհվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման ու պահպանության համար:
«Մշակույթը, արվեստը, ավանդույթներն օգնում են վեր հանել Հայաստանի ինքնատիպությունը: Ամերիկացիները կիսում են մշակույթի հանդեպ այս սերը: Պահպանելով այս հայկական գանձերը՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր ժողովուրդների մերձեցմանը, այլ նաեւ պահպանում ենք այս ինքնատիպ արժեքներն ապագա սերունդների համար», - ասաց դեսպան Միլսը:




























