ԱՄՆ-ում Ռուսաստանի 17-ամյա քաղաքացի Կառլ Բրյուերին կասկածում են որդեգիր ծնողներին սպանելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակը գործակալությանը հայտնել է, որ Բրյուերը ՌԴ քաղաքացի է:

Ոստիկանություն զանգահարել էր ոմն մեկը, որը ներկայացել էր որպես Բրյուերի ընկեր եւ հայտնել, որ իրենք միասին մարիխուանա են ծխել, որից հետո Բրյուերը պատմել է, թե ինչ է արել:

Բրյուերի տանը ոստիկանները գտել են կնոջ եւ տղամարդու մարմինները: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել նրան ձերբակալելու համար:

Dallas News-ի տեղեկություններով՝ Բրյուերը եւ նրա եղբայրը որդեգրված երեխաներ են, նրանց որդեգրել են Ռուսաստանից, հաճախում էին քրիստոնեական ակադեմիա, սակայն նրանց հեռացրել էին զայրույթի նոպաների պատճառով:

ՌԴ ԿԳՆ-ից հայտնել են, որ Բրյուերների ընտանիքը տղային որդեգրել էր 2005-ին Պերմի երկրամասում: Որդեգրման պահին հոգեկան շեղումների մասին որեւէ տեղեկություններ չեն եղել: