Շնող-Թեղուտ ավտոճանապարհին այսօր` դեկտեմբերի 3-ին, այրված մեքենայում հայտնաբերված 26-ամյա Անի Աղաբեկյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08:25-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ մեքենա է այրվում եւ ներսում մարդ կա:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակչուհի, 26-ամյա Անի Աղաբեկյանն իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է աշխատանքի։ Շնող-Թողուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շուրջ 7 մետր գլորվել ճանապարհի ոչ երթեւեկելի մասում գտնվող այգին, հարվածել ծառին, այրվել, որի հետեւանքով վարորդը ավտոմեքենայի մեջ այրվել ու մահացել է:
Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննությամբ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դին` կիսաայրված վիճակում:
Կատարվել են նաեւ տրանսպորտային միջոցի, դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լոռում մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հանգամանքները։





























