Team Indus հնդկական օդատիրեզերական ստարտափը պլանավորում է դառնալ Հնդկաստանում առաջին մասնավոր ընկերությունը, որը վայրէջք կկատարի Լուսնի վրա եւ 2018-ի հունվարին լուսնագնացի օգնությամբ հետազոտություններ կանցկացնի, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով «Տրիբյուն» թերթը։
Ընկերությունն արդեն պայմանագիր է կնքել ISRO տիեզերական ուսումնասիրությունների հնդկական ազգային գործակալության հետ հրթիռ–կրիչի գործարկման մասին։ Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, լուսնագնացը Երկիր մոլորակի արբանյակի վրա վայրէջք կկատարի 2018-ի հունվարի 26-ին։
Հետազոտողները պլանավորում են Լուսին ուղարկել ռոբոտին՝ թռիչքի վրա ծախսելով ընդամենը 60 մլն դոլար, ինչը համադրելի է SpaceX–ի մեկ ուղեծրային գործարկման գնի հետ՝ 57 մլն դոլար։
Ստարտափի ամենասկզբում Team Indus–ը ներկայացրել էր գիտնականների մի փոքր թիմ՝ կազմված 5 մարդուց։ Վերջին 5 տարում ընկերության անձնակազմի քանակը հասել է 85-ի։





























