Ավստրալիայում Նոր տարվա նախապատրաստությունն ու տոնակատարությունը սկսվում է գրեթե դեկտեմբերի կեսից: Նշվում է աշխատավայրում, տանը եւ ընկերների հետ:
Սիդնեյում բնակվող մեր հայրենակից Արմեն Սարգսյանը նշեց, որ չնայած հարավային կիսագնդում գտնվող Ավստրալիայում Նոր տարին ամռանն է սկսվում, հեռավոր մայրցամաքի բնակիչները պակաս չեն ուրախանում, քան աշխարհի մյուս մասերում:
Գրասենյակներում, ինչպես եւ տներում մարդիկ տոնածառեր են դնում: «Մինչ այդ աշխատակիցների անուններով վիճակահանություն է կատարվում: Դա գաղտնի է արվում: Հետո յուրաքանչյուրը պետք է ոչ մեծ նվեր գնի հենց այն աշխատակցի համար, ում անունը վիճակահանությամբ հանել է, եւ դնի տոնածառի տակ: Կարեւորն այն է, որ նվերները հումոր պարունակեն: Սա համընդհանուր ավանդույթ է: Մոտ դեկտեմբերի 25-ից՝ Ծննդյան տոներից հետո արձակուրդներն են սկսվում, եւ մեծամասնությունը նախընտրում է մեկ շաբաթով ինչ-որ տեղ գնալ»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Ավստրալացիների համար ընտանեկան տոնը, որը պետք է նշել տանը՝ ընտանիքի հետ, Սուրբ Ծնունդն է, իսկ Նոր տարին ավելի աղմկոտ են նշում, ընկերախմբերի հետ: «Ի դեպ, Սիդնեյում կա չայնաթաուն, եւ չինական Նոր տարին այստեղ պակաս աղմկոտ չեն նշում»,- նշեց Արմենը:
Սիդնեյում Նոր տարվա ամենագունեղ տեսարանը հրավառությունն է: Մարդիկ առավոտից տեղ են զբաղեցնում քաղաքի կենտրոնում, բոլոր հնարավոր սիզամարգերում: «Սակայն առանձհատուկ զարդարանքներ, ինչպիսին, օրինակ, Եվրոպայում են անում, չեմ տեսել»,- հստակեցրեց մեր հայրենակիցը:
Հին սփյուռքի հայերը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը հիմնականում նշում են այն ավանդույթներով (եւ համապատասխանաբար՝ պատրաստում են այն ուտեստները), որոնք ընդունված են եղել այն երկրներում, որտեղից եկել են (Լիբանան, Սիրիա եւ այլն):
«Ինչ վերաբերում է ավստրալացիներին, ապա քանի որ շոգ է, նրանք Սուրբ Ծնունդին եւ Նոր տարվան պատրաստում են գրիլ ծովախեցգետիններ, նաեւ ձկնեղեն, եւ խմում են գարեջուր ու սպիտակ գինի: Ճիշտ է, հնդկահավը (ինչպես ամերիկացիների մոտ) եւ խոզի եփած միսը եւս ընդունված են, սակայն ծովախեցգետինը տիպիկ ավստրալական է: Աղանդերին նրանք մանգո են ուտում եւ «Պավլո՛վա» տորթ՝ բալետի պարուհի Աննա Պավլովայի անունով (բեզեով, կրեմով եւ մրգերով տորթ): Ի դեպ, տորթի անվանման մեջ շեշտադրվում է «օ» տառը»,- նշեց Արմեն Սարգսյանը:





























