Թեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիսթոֆեր Սուփրունը հայտնել է, թե ինչու չի ցանկանում դեկտեմբերի 19-ին Թրամփի օգտին քվեարկել, փոխանցում է The Washington Post-ը:

Սուփրունը կարծում է, որ Թրամփն արժանի չէ ԱՄՆ նոր նախագահը դառնալուն: Հետեւաբար ինքը ցանկանում է ներգործել ընտրությունների ելքի վրա եւ ընտրիչներին կոչ է անում հանուն երկրի բարօրության ճիշտ ընտրություն կատարել, քանի որ համոզված է, որ Թրամփը չի կարողանա կատարել նախագահի պարտականությունները: Սուփրունը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին պատրաստ է քվեարկելու Հանրապետական կուսակցության նախկին թեկնածուներից մեկի օգտին:

Նշենք, որ Թեխասի նահանգում քվեարկության արդյունքներով Թրամփը Քլինթոնին հաղթել է եւ ստացել է ընտրիչների 38 ձայները: Քրիսթոֆեր Սուփրունը, որպես նահանգի ընտրիչներից մեկը, պետք է քվերակությանն իր ձայնը տա նրան:

ԱՄՆ-ում նախագահին ընտրում են ընտրիչների միջոցով: Նրանք քվեարկում են իրենց ներկայացրած նահանգում հաղթած թեկնածուի օգտին: ԱՄՆ օրենսդրությունը ընտրիչներին չի արգելում քվեարկել ոչ այն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգում: Այդպիսի երեւույթներ քվեարկության ժամանակ արդեն եղել են:

Նշենք, որ նախկինում Թրամփի օգտին քվեարկելուց հրաժարված Թեխասի ընտրիչ Արթ Սիսներոսը հրաժարվել էր ընտրիչի իր լիազորություններից: Սուփրունից բացի, Թրամփի օգտին քվեարկելուց ընդհանուր առմամբ հրաժարվել են եւս 6 ընտրիչներ: