Բոլիվիայում ձերբակալել եւ Սանտա Կրուսի դատախազություն են տարել LaMia ավիաընկերության գլխավորը տնօրեն Գուստավո Վարգաս Գամբոային ու եւս երկու աշխատակցի: Այս ավիաընկերությանն օդանավն է  կործանվել Կոլումբիայում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է աղետի պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամ, դատախազ Իվան Կունտանիլյան:

ABI-ի փոխանցմամբ՝ դատախազը նշել է, որ հետաքննություն են վարում նաեւ LaMia-ի համասեփականատեր Մարկո Ռոչիի նկատմամբ: Ընկերության երրորդ համասեփականատերը՝ օդաչու Միգել Կիրոգան, աղետի զոհ է դարձել: Նրան մեղադրում են անփութության մեջ, քանի որ նա չի վերալիցքավորել օդանավը, իսկ փորձագետներն արդեն նշել են, որ ողբերգական աղետի պատճառ է դարձել վառելիքի պակասը:

Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը խոստովանել էր, որ Վարգաս Գամբոան ժամանակին իր անձնական օդաչուն է եղել:

Օդանավը կործանվել էր անցած երեքշաբթի: Դրանում 77 մարդ է եղել. 68 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Օդանավում են եղել նաեւ բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի անձնակազմն ու խաղացողները, որոնք Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին խաղի շրջանակում ուղեւորվում էին «Ատլետիկո Նասիոնալ»-ի հետ հանդիպման: