Կիեւում ավտոմեքենան մխրճվել է Երկնային հարյուրակի հերոսների հուշարձանի մեջ, հարվածի հետեւանքով հուշակոթողը, որը աղյուսից հավաքված ծավալուն խաչ է, կործանվել է: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Օպերատիվ Կիեւ» միությունը:

«Վարորդի խոսքով՝ ինքը շարժվում էր կառավարության շենքից դեպի Եվրոպայի հրապարակ: Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտի կենտրոնական մուտքի մոտ նրան հանդիպակաց է դուրս եկել մի մեքենա, եւ ինքը բախումից խուսափելու համար հարկադրված մխրճվել է հուշակոթողի մեջ»,- նշված է գրառման մեջ:

Միության տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Երկնային հարյուրակը նվիրված է 2013-2014 թվականների ձմռանը Կիեւի Մայդանում (Եվրամայդանում) զոհված մարդկանց: Ուկրաինայի իշխանությունները այդ իրադարձությունները նաեւ «արժանապատվության հեղափոխություն» են անվանում: Բողոքի ակցիաները հանգեցրին իշխանության բռնի փոխարինման եւ երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստին: