ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հյուրընկալել է Երեւանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին:
Հանրապետության նախագահը ողջունել է Միխայիլ Պիոտրովսկուն նրա հարազատ քաղաքում՝ Երեւանում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին:
Նշելով, թե Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության այնպիսի մշակութային գանձարան, ինչպիսին Էրմիտաժն է, արդեն տեւական ժամանակ ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր սերտորեն կապված են Հայաստանի հետ, նախագահը բարձր է գնահատել մշակույթի բնագավառում համագործակցությունը զարգացնելու Պետական էրմիտաժի ղեկավարության պատրաստակամությունն ու ջանքերը, որի դրսեւորումներից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հետ այսօր ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրն է՝ Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ, ինչը ենթադրում է թանգարանային համատեղ ցուցանմուշների եւ հնագիտական գտածոների ուսումնասիրում, այդ թվում՝ ժամանակին Բորիս Պիոտրովսկու պեղած նյութերի, նաեւ մասնագիտական եւ գիտական գրականության փոխանակում եւ այլ համատեղ ձեռնարկներ:
ՀՀ նախագահը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմավարական միջպետական հարաբերություններում երկուստեք մեծ կարեւորություն է տրվում մշակութային բաղադրիչին, եւ ուրախ է, որ նաեւ նման նախաձեռնությունով այդ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են:
Միխայիլ Պիոտրովսկին երախտագիտություն է հայտնել հրավերի, ջերմ հյուրընկալության եւ իր սիրելի քաղաք Երեւանում հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար:
Էրմիտաժի տնօրենը Հանրապետության նախագահին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնց թվում է նաեւ Էրմիտաժի օրերի անցկացումը Երեւանում:































