Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի փորձագետները Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ լուրջ ռազմական առճակատումը, նաեւ Հյուսիսային Կորեայում խոշոր ճգնաժամը 2017-ի միջազգային լարվածության ամենալուրջ հավանական օջախների շարքին են դասել։

«Կանխարգելիչ առաջնայնությունների հետազոտության» մեջ ներկայացվել են հակամարտությունների յոթ հավանական աղբյուրներ, որոնց էսկալացիան կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ԱՄՆ ազգային շահերի համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Այդ ցանկի առաջին տեղում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջեւ միտումնավոր կամ ոչ միտումնավոր առճակատումն է, որի պատճառը կարող է դառնալ Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը։

Ամենալուրջ սպառնալիքներից են նաեւ համարվել խոշոր ճգնաժամը Հյուսիսային Կորեայում՝ միջուկային զենքի կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների, ռազմական սադրանքների կամ ներքին քաղաքական անկայունության հետեւանքով, ԱՄՆ ենթակառուցվածքի վրա կործանարար կիբերհարձակումը, նաեւ մեծաքանակ զոհերով ահաբեկչությունը ԱՄՆ կամ դաշնակից երկրի տարածքում։

Չափավոր սպառնալիք է գնահատվել բռնության ու անկայունության աճը Աֆղանստանում, Թուրքիայի ու քրդական զանազան զինված խմբավորումների միջեւ բռնի բախումների ուժեղացումը, նաեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի էսկալացիան՝ հնարավոր արտաքին միջամտությամբ։

«Հաշվի առնելով նոր նախագահական վարչակազմի ձեւավորումը, կարեւոր է օգնել քաղաքական գործիչներին խուսափել քաղաքական ճգնաժամերից, որոնք կարող են սպառնալ ամերիկյան շահերին»,- հայտնել է հետազոտության հեղինակ Փոլ Սթեյրսը,- ամենամյա հետազոտության նպատակն է բացահայտել անկայունության ու հակամարտությունների առավել հավանական աղբյուրները, որպեսզի կառավարությունը կարողանա համապատասխան ձեւով դասավորել իր առաջնահերթությունները»։