Տոներին ընդառաջ՝ Vivaldi-ն թողարկել է իր նոր՝ 1.6 թարմացումը՝ ներկայացնելով Էջերի ծանուցումների (Tab Notifications), Էջերի վերանվանման (Named Tab stacks) եւ ըստ դոմեյնի՝ Էջի ընտրության ֆունկցիաները (Tab Selection by domain): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Vivaldi Technologies-ի կոմունիկացիոն մենեջեր Մարգարիտա Սջուրսենը:
«Թողարկված թարմացման մեջ ներկայացրել ենք նոր՝ դեռ ոչ մի բրաուզերում չհանդիպող Էջերի ծանուցում ֆունկցիան: Այն թույլ կտա տեսնել, թե բրաուզերով բացված որ էջի վրա կա նոր, դեռ չդիտված բովանդակություն: Սա հատկապես օգտակար է սոցցանցերի համար»,- ասել է նա:
«Լուրջ փոփոխությունների վրա աշխատելով՝ մենք չենք մոռանում նաեւ մանրուքները: Կարեւոր են մեր օգտատերերը, կարեւոր են մանրուքները: Հենց այդ մոտեցումներն են ստեղծում լավ պրուդուկտ: Ուզում ենք Vivaldi բրաուզերը դարձնել է՛լ ավելի ինտերակտիվ եւ օգտատիրակենտրոն»,- ասել է Vivaldi Technologies-ի հիմնադիր-տնօրեն Յոն ֆոն Թեչները:
Նրա խոսքով՝ գալիք տարվա ընթացքում ընկերության թիմը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված բրաուզերն ավելի հզոր եւ բազմաֆունկցիոնալ դարձնելուն:
«Մեր բոլոր պրոդուկտները մեր օգտատերերին բավարարելու եւ՝ նրանց փորձառությունը Vivaldi-ի հետ ավելի հաճելի դարձնելու համար են: Օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հայ օգտատերերին՝ շնորհավորելով գալիք ծննդյան տոների եւ Նոր տարվա կապակցությամբ»,- հավելել է Յոն ֆոն Թեչները:






























