Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը դեկտեմբերի 12-ին մահացած ծնված երեխան ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծննդկանի սկեսրայրը՝ Գեղամը:
«Դիահերձարանի պատասխանները նորմալ են, դիահերձող բժիշկն ասաց, որ ոչ մի խնդիր երեխայի հետ չի եղել: դա նշանակում է , որ խնդիրը բժշկական սխալի մեջ է »,-ասաց նա:
Գեղամը նշեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որից հետո պարզ կլինի՝ իրականում ինչն է եղել երեխայի մահվան պատճառը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բժշկական կենտրոնից առգրավվել են ծննդկանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար:
2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, նորածինը բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատի ծննդատանն այսօր մահացած երեխա է ծնվել:



























