2017-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում փոփոխություններ չեն լինի։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով բոլոր այն քաղաքական գործընթացները, որոնց մեջ են համանախագահող երկրները, կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացը ակտիվ չի լինի։ «ԱՄՆ–ում իշխանափոխություն է տեղի ունեցել, եւ հիմա Վաշինգթոնին ժամանակ է պետք իր դիրքորոշումը պարզելու համար, Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են պլանավորվում, իսկ Ռուսաստանը շատ խնդիրներ ունի»,– պարզաբանեց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է հակամարտության ընդհանուր լուծմանը, պատգամավորի կարծիքով այն դեռ երկար չլուծված կմնա՝ հաշվի առնելով հարցի բարդությունը եւ Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը։

Խնդրի կարգավորման հնարավոր տարբերակն, ըստ պատգամավորի, Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքերի ամրապնդումն է։