EgyptAir ընկերության մայիսին կործանված А320–ի ուղեւորների մարմիններին պայթուցիկ նյութերի հետքեր են գտել։Այս մասին հայտնում է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը՝ վկայակոչելով օդանավի վթարը հետաքննող հանձնաժողովին։

«Մենք ստացել ենք Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատաբժշկական փորձաքննության զեկույցները՝ զոհերի մարմինների հետազոտության արդյունքներով,- նշված է հաղորդագրության մեջ,- Դրանցում նշված է, որ որոշ մարմինների վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել»։

Ըստ օրենսդրության, եթե քննչական հանձնաժողովը քրեական հետք է հայտնաբերում, պետք է այդ մասին տեղեկացնի գլխավոր դատախազությանը։ «Քննիչներն արդեն տվյալ գործը փոխանցել են դատախազություն»,- նշված է հայտարարության մեջ։

Փարիզ Կահիրե չվերթի EgyptAir А320 օդանավն անհետացել էր մայիսի 19-ին, եգիպտական ափից 280 կմ հեռավորության վրա։

Օդանավի որոշ բեկորներ ու ուղեւորների որոշ իրեր ու աճյուններ հայտնաբերվել էին Միջերկրական ծովում հունական Կարպատես կղզու մոտակայքում։

Օդանավում 66 մարդ կար, այդ թվում երեք երեխա։ Մեծ մասը՝ եգիպտացիներ ու ֆրանսիացիներ։ Օդանավի ինքնագրերի մոդուլները վերականգնման համար ուղարկվել էին Ֆրանսիա, որը հետո դրանք վերադարձրել է Կահիրեին վերծանման համար։