Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաեւ բեռնատարների համար: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը եւ տվել համապատասխան հանձնարարական:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաեւ նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռեւս քննարկման փուլում են: Հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1»-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի եւ միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները: Վարչապետը կարեւորել է Երեւանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը եւ նշել, որ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ: «Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետեւողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով նաեւ ուսանողների եւ առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երեւանի արեւմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաղթղթերը: Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն եւ 4-6 երթեւեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար:

Հաստատվել են Երեւանի արեւմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւանի արեւմտյան շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի եւ Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի շինարարական պայմանագրին Արտաշատի խճուղու եւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածի միջեւ առկա տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքների իրականացմանը եւ խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման հաշվետվությանը: