Բելգիայում ձերբակալվել են ծննդյան տոնավաճառներում ահաբեկչություններ ծրագրած 10 դեռահասներ: Այս մասին հայտնում է Laatste Nieuws-ը:

Տեղեկությունը հաստատել է թագավորության դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան Դեր Սիպտը: Նրա խոսքով՝ ձերբակալված դեռահասները «ահաբեկչական կազմակերպությունների կողմից հավաքագրվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու կամ իրականացնելու համար»:

Տղաները համացանցով հրահանգներ են ստացել, թե ինչպես մարդ սպանեն կամ ռումբ պատրաստեն: Պարբերականի տեղեկություններով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մուսուլմանական միջավայրում ներկայումս դեռահասների հավաքագրում է իրականացնում՝ Եվրոպայի երկրներում նրանց միջոցով ահաբեկչություններ իրագործելու համար: