Աշխարհի բոլոր երկրներում մենաշնորհներ կան, նայած՝ ինչ չափով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն՝ անդրադառնալով մենաշնորհի դեմ վարչապետի պայքարին։
«Ես համոզված եմ, որ կհաջողվի Կարեն Կարապետյանին քչացնել մենաշնորհները: Դա պայմանավորված է ծրագրերով։ Այն ծրագրերը, որ ես լսում եմ վարչապետից, կառավարության անդամներից, հուշում են, որ մենաշնորհները այդ բարձր մակարդակին չեն մնալու»,-ասել է գործարար պատգամավորը։
ՀՀԿ-ականը նշեց, որ այսօր դեռեւս տեսանելի չէ այս կառավարության աշխատանքը, կատարած փոփոխությունը։ Այդ մասին պատգամավորը կարող է պատասխանել 2017 թվականին։
«Ինչ որ ժամանակ է հարկավոր դրանք տեսնելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է հստակ ֆիքսենք՝ ինչ պետք է արտադրենք, որ բավարարի մեր ժողովրդի համար ու դրսից չբերենք, որ այդ փողը մնա Հայաստանին եւ ինչ արտադրենք, որ կարողանանք վաճառել դրսում ու փող բերենք։ Կառավարության խնդիրն ամփոփված է այս երկու հարցի մեջ»,-ասել է Ալեքսան Պետրոսյանը։




























