ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը կարող է դառնալ Exxon նավթային կոնցեռնի ղեկավար Ռեքս Թիլերսոնը։ Ամերիկյան սենատը պետք է հաստատի նրա թեկնածությունը, ու հիմա շատ սենատորներ, նույնիսկ հանրապետականները, քննադատում են Թիլերսոնին Ռուսաստանի ու նախագահ Պուտինի հետ նրա սերտ կապերի համար։ «Թիլերսոնը կարող է ավելի շատ քննադատությունների արժանանալ այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ իր առաջին գործարքի համար օգտագործել էր Բահամյան կղզիների օֆշորները»,- գրում է Sueddeutsche Zeitung-ը։
Խոսքը 1998-ի մասին է, երբ Թիլերսոնը ղեկավարում էր Exxon Neftegas Limited ընկերությունը՝ կոնցեռնի «դուստր» ընկերությունը, որը հիմնվել է հատուկ Ռուսաստանում բիզնես վարելու համար։ Թիլերսոն ազգանունը, ինչպես ասվում է հոդվածում, «հայտնվել է Բահամյան կղզիներում գրանցված ֆիրմայի կադաստրային փաստաթղթում»։ «Դա այն միլիոնավոր փաստաթղթերից մեկն է, որոնց փոխանցվել էին Sueddeutsche Zeitung–ին ու ստացել Bahama Leaks անվանումը»։
Ընկերությունը, որը Թիլերսոնը ղեկավարել է առնվազն մինչեւ 2001-ի մայիսը, զբաղվում է «Սախալին 1» նավթագազային նախագծով։ Մասնավորապես Exxon Neftegas-ը Սախալինում ու շելֆի վրա նավթագազային հանքավայրերի հետախուզություն է իրականացրել։ Այդուհանդերձ, ֆիրման գրանցված է եղել Նասսաուում ՝ Բահամյան կղզիների մայրաքաղաքում, որը համարվում է «դրախտ ստվերային տնտեսության համար», քանի որ այնտեղ եկամտահարկ չեն գանձում»։
Հարցմանը Exxon Mobil -ից այսպես են պատասխանել․ «Շատ ընկերություններ են Բահամյան կղզիներում գրանցվում այդ երկրի օրենքների պարզության ու կանխատեսելիության պատճառով, այլ ոչ թե հարկերից խուսափելու համար»։
Մինչդեռ Թիլերսոնի թեկնածության առաջադրման պահից սկսած Կոնգրեսում թե դեմոկրատների, թե հանրապետականների դժգոհությունն է առաջացնում Իգոր Սեչինի՝ ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնի ղեկավարի անունը, որի դեմ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ պատժամիջոցներ են սահմանել։ Թիլերսոնն ու Սեչինը, ոչ թե պարզապես գործընկերներ են, այլ ընկերներ։ Այս կապակցությամբ քաղաքագետները ակնկալում են, որ Թրամփի կառավարությունը կչեղարկի պատժամիջոցները, ինչը «կանաչ լույս կբացի Արկտիկայում նավթի հետախուզության ու արդյունահանման համար ու կբարձրացնի Exxon Mobil–ի բաժնետոմսերի արժեքը։ Դրանից․ ի դեպ, կարող է շահել նաեւ անձամբ Ռեքս Թիլերսոնը, որին են պատկանում ընկերության ավելի քան 218 մլն դոլար արժողության բաժնետոմսերը։





























