Իռլանդիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ մտադիր է վիճարկել Apple ընկերությունից ի օգուտ իռլանդական գանձարանի 13 մլրդ եվրո գանձելու մասին Եվրահանձնաժողովի որոշումը։ Ռեկորդային գումարը գանձվել էր այս տարվա ամռանը որպես կորուստների փոխհատուցում, որոնք իռլանդական տնտեսությունը կրել էր Apple ընկերության թերի վճարած հարկերի պատճառով, հայտնում է BBC–ն։

Սակայն, ինչպես նշված էԻռլանդիայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, երկրի իշխանությունները Apple –ին թույլատրել են 2003-2014 թթ հարկերը վճարել նվազեցված դրույքներով։

Դուբլինը նաեւ մեղադրում է ԵՄ հակամենաշնորհային մարմիններին՝ լիազորությունները գերազանցելու ու հարկադրման ազգային կանոնակարգման ոլորտում երկրի ինքնիշխանությունը խախտելու փորձի մեջ։

ԵՄ օրենսդրության համաձայն՝ միության առանձին երկրների հարկային մարմինները իրավունք չունեն հարկային զեղչեր տրամադրել ընտրյալ ընկերություններին , քանի որ դա համարվում է ապօրինի պետական աջակցություն։

ԵՄ-ն պնդում է, որ Իռլանդիայի կառավարության որոշումով 1991-2007 թթ․ Apple ընկերությանը թույլատրվել է այդ երկրում նվազեցնել հարկային մուծումների չափերը։

Apple -ի ներկայացուցիչներն էլ հայտնել են, որ ԵՀ որոշումը բացասական ազդեցություն կունենա Եվրոպայում ներդրումային կլիմայի ու աշխատանքի շուկայի վրա։

ԱՄՆ իշխանությունները նույնպես բազմիցս քննադատել է Apple –ի ու ամերիկյան մյուս ֆիրմաների նկատմամբ ԵՄ մարմինների կողմից իրականացվող հետաքննությունը։