Արցախի անկախության 25-ամյակի առթիվ NEWS.am-ը զրուցել է Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ Արցախի 25 տարիների ձեռքբերումների եւ բացթողումների, վերաբնակեցման խնդրի եւ քառօրյա պատերազմի մասին:

Պարոն Քանանյան, Արցախի անկախության 25-ամյակն ենք նշում: Ձեր կարծիքով ի՞նչ թերություններ կան, որոնք այս 25 տարիների ընթացքում այդպես էլ չշտկվեցին:

Նախ, ես «անկախություն» բառը կընդունեմ միայն Հայաստանի հետ միասնաբար անկախ երկիր դառնալու տեսանկյունից, կամ Ադրբեջանից անկախանալու մասով: Թեեւ Արցախւը փաստացի անկախացել է 1988-1989թթ., երբ արդեն Արցախի բնակչությունը չէր ենթարկվում Ադրբեջանին դեկտեմբերի 1-ից հետո: Հետեւաբար, անկախության մասին հիշատակությունը կարող եմ ընդունելի համարել միայն այս տեսանկյունից:

Եթե խոսենք Արցախի ազատության մասին, որ այլեւս Ադրբեւանի կազմում չէ, հիշատակելի է մեծագույն ձեռքբերումը. լուրջ փաստացի հաղթանակ ունենք առաջին Արցախյան պատերազմում, որը համապարփակ եւ ամբողջական չէ բոլորովին, քանի որ ինչ-ինչ հանգամանքներով չենք հանդգնել կամ չենք կարողացել ավարտել Արցախյան պատերազմն Ադրբեջանի ռազմաքաղաքական ողնաշարի կոտրմամբ: Դա արդեն 3-րդ Արցախյան պատերազմի խնդիրն է լինելու, հուսանք` չենք հետաձգի մինչեւ 4-րդ կամ 5-րդ պատերազմը:

Դրա համար այս իմաստով մենք սկսել ենք 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածությունից, որի մի հատվածում հայկական բանկչություն չկար, իսկ այսօր ունենք 12 հազար քառակուսի կիլոմետր վարչական տարածքով Հայաստանի Հանրապետության մարզ՝ հատուկ կարգավիճակով դեռեւս: Սա մեծագույն ձեռքբերում է, կարողացել ենք Արցախում շուրջ 3 անգամ մեծացնել տարածքը, սա բացառիկ ձեռքբերում է:

Ցավոք, ինչպես եւ Հայաստանի մնացյալ շրջաններում, մենք չկարողացանք զարգացնել ռազմաճակատում մեր հաջողությունները՝ փոխադրելով մեր հաղթանակները պետականաշինության ոլորտ, որտեղ ունեցանք հիմնականում լուրջ ձախողումներ, որոնց համար Արցախը առանձնաբար մեղավոր չէ, քանի որ երբեք անկախ չի եղել եւ չի լինելու, այլ չակերտավոր պարտական ենք Երեւանյան իշխանությունների ապաշնորհ, ապապետական եւ անհամապատասխան քաղաքականությանը: Արդյունքում մենք ունենք ինքնիշխանության շատ լուրջ անկում, համեմատած նույնիսկ 1990-ականներին ունեցած բոլորովին ոչ կատարյալ ինքնիշխան վիճակի համեմատ: Խոշորագույն բացթողումը, որն ուղղակի աններելի է, շատ ցավալի է եւ մշտապես սպառնում է մեր ազգային անվտանգության խնդիրներին, վերաբնակեցման ձախողումն է: Այն երբեք չի կրել համապարփակ, համապետական, ռազմավարական բնույթ, որովհետեւ Երեւանյան իշխանությունները, մասնակցելով բանակցային գործընթացի այնպիսի ձեւաչափին եւ այնպիսի փաթեթային բովանդակությանը, որը ենթադրում էր գոնե գրավոր եւ հռչակագրային տեսքով տարածքների հանձնում Ադրբեջանին, չէր կարող ի ցույց աշխարհի լուրջ վերաբնակեցում իրականացնել: Իհարկե, որոշ գործեր անբավարար կերպով կատարվել են, դրանց համար կարելի է եզակի մարդկանց շնորհակալություն հայտնել, որոնցից մեկը Քաշաթաղի հիմնադիր Ալեքսան Հակոբյանն է: Իսկ 2007թ.-ից ի վեր, երբ Հայաստանում վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, որն իր ողջ օլիգարխիկ որջով առաջին անգամ հայտնվեց խորհրդարանում, նույն տարում Արցախում խայտառակ ընտրություններ տեղի ունեցան, եւ նախագահ ընտրվեց կամ Երեւանից նշանակվեց Բակո Սահակյանը, որը կատարեց Սարգսյանի քաղաքական հորդորը եւ լիովին կասեցրեց վերաբնակեցումը:

Ինքս էլ տարբեր մեղադրանքներ եմ հնչեցրել անձամբ Բակո Սահակյանի վերաբերյալ վերաբնակեցումը հանցավոր կերպով կասեցնելու համար: Ինչ-որ արդյունք ցույց տալու համար դիմում էին ծիծաղելի քայլերի կամ աճպարարությունների: Օրինակ, կային մարդիկ, որոնք տարիներ առաջ տեղափոխվել են այնտեղ, վարչակազմը ներկայացել է եւ ստիպել գրանցվել, որից հետո հանրությանը ներկայացրել են` որպես վերաբնակեցման արդյունք: Երկրորդ, Աղավնո գյուղում, որտեղից Արցախը վարչականորեն սկսվում է, կառուցել են առանձնատներ՝ խաթարելով գյուղի բնականոն դրվածքը, տները բաշխել են ոստիկաններին կամ մի քանի այլ մարդկանց եւ փորձում են մյուսներին հիփոթեքային տարբերակով տալ: Երբ դու միջանցքի գոտում նման բան ես կառուցում, դա գումարի գերեզմանումն է: Իսկ Քարվաճառի շրջանում կառուցել են դպրոց, մարզադպրոց, հանրակացարան պաշտոնավարող անձանց համար, բարեխանխատաբր շենքի մի մասը բնակիչները վերցրել են: Ընդհանուր առմամբ, վերաբնակեցում չկա:

Ես չէի պայմանավորի ներկայիս փուլում վերաբնակեցման բացակայությունը միայն զուտ քաղաքական պատճառներով, կան նաեւ տնտեսական շահեր: Արցախի իշխանությունները, որոնք ունեն մասնավոր շինարարական կազմակերպություններ, ձեռնտու է Երեւանից ստացվող քաղաքաշինության համար տրամադրվող գումարները ծախսել Ստեփանակերտում էլիտար շենքերի կամ թաղամասերի կառուցման վրա, ապա եթե չեն գնվում, բյուջեի գումարներով իրենց իսկ կառուցած տները գնում են եւ բաշխում զինվորականներին եւ ծնողազուրկ երեխաներին: Սա նորմալ է, որ բնակարան են ստանում մարդիկ, բայց փաստը տխուր է, քանի որ կատարվում է ստեփանակերտացում, ինչպես որ եղավ Երեւանի դեպքում: Եթե պետք է այլ տեղերում ինչ-որ բաներ կառուցել, չէին կարող նույն սխեմայով գնել եւ ֆինանսական շահ չէին ունենա:

Նրանք վերաբնակեցում անողը չեն, մասնավոր զրույցների ժամանակ լավ էլ անկեղծանում են դրա վերաբերյալ: Համակարգային իշխանափոխությունից հետո այն պետք է դառնա առաջնահերթություն: 25 տարի առաջ մենք խոսում էինք, որ բնակչությունը 300 հազար լինի, այսօր 100 հազարի շուրջն ենք պտտվում: Սա վտանգավոր է, սպառնալից է, քանի որ տարածքների մի մասը չբնակեցված է կամ թերբնակեցված, իսկ նման տարածքների նկատմամբ միջազգային ճնշումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան երբ այնտեղ մարդիկ ապրեն: Վերաբնակեցումը կարող էր նաեւ ինքնաբուխ լինել, կարող էինք շուրջ 500 հազար մարդ այնտեղ տեղավորել, բայց քանի որ իշխանությունները վստահություն չէին տածում տարածքները պահելու համար, որոշվեց ոչնչացնել բոլոր բնակավայրերը, ապամոնտաժել լարերը, ոռոգման ահռելի համակարգերը, այնտեղից էլ մեծ օգուտ ունեցան... մենք մեր իսկ ձեռքով գոնե կես մլն մարդու տեղ տայինք, ոչնչացրինք ամեն ինչ: Եվ հիմա ես բողոքում եմ, որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում դրա համար:

Դիտավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կողմից:

Սերժ Սարգսյանը, հայտնի է, տարածք հանձնելու մեծ ջատագով է եղել եւ մնում է այժմ էլ: Արցախ այցելելիս այժմ էլ փորձում է փակ զրույցներում տեղի վերնախավին համոզել, որ ինչ-որ մի փուլում այլեւս հնարավոր չէ խուսափել հանձնելուց, բայց վերնախավն այլեւս չի լսում, քանի որ նման ոտնձգությունից առաջ իրենք են ֆիզիկապես վերանալու բանակի եւ բնակչության կողմից: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի զեղումներն արդեն իրականության հետ չառնչվող մարդու, անցյալում մնացած լեւոնական կաղապարների մեջ մնացած մարդու խնդիր է: Մյուս կողմից, չեն ուզում, որ գլխացավանք լինի, որի համար էլ վերաբնակեցում չլինի: Բայց ես հակված եմ տարբերակին, որ ֆինանսական շահ է հետապնդում:

Պարոն Քանանյան, ապրիլյան պատերազմից հետո տարածքներ հանձնելու մասին շատ է խոսվում տարբեր հարթակներում: Ձեր կարծիքով, ղարաբաղյան հարցն ի՞նչ լուծում պետք է ստանա: Արդյոք իշխանությունները պատրաստ են նման քայլի:

Իշխանությունների մեջ կան մի քանի թափթփուկներ, որոնք այսօր դա չեն խոստովանի, բայց X պահին ինչ-որ ակնկալիքների դիմաց կարող են եւ աջակցել: Ինքնին խոսակցությունը անլուրջ եմ համարում, քանի որ Երեւանի ուղիղ հրամանով տարածք հանձնել հնարավոր չէ. ապրիլյան պատերազմից հետո արցախյան բանակը սպայական մակարդակի վրա կատարյալ անվստահություն է տածում Սերժ Սարգսյանի նկատմամբ եւ նման մի հրամանը կայծակնային իշխանափոխություն է բերելու Երեւանում: Տեխնիկապես Սերժ Սարգսյանի հրամանով տարածք հանձնելը այսօր հնարավոր չէ: Այդ շրջանը, երբ հասարակությունն ու բանակը կենթարկվեին, վաղուց հաղթահարված է եւ հաղթահարված է դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ: Եվ ապրիլյան պատերազմն այս իմասոտվ շատ պատշաճ դրվագ էր դիտվում՝ մարդկանց կրկին համոզելու, որ չարժե այդքան երիտասարդ զոհվի, եկեք տարածք հանձնենք, բայց մարդիկ վաղուց էշ չեն, հատկապես Արցախում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դրա համար չի խոսվում եւ խոսելն ավելորդ է: Արցախյան պատերազմի մասին խոսվում է նաեւ, որ պայմանավորված պատերազմի հնարավորություն է եղել, նման կասկածներ ունեն մի քանի քաղաքագետներ: Շատ քիչ իրագործելի տարբերակներից է, որ նոր պատերազմ պիտի սկսի, եւ Երեւանի իշխանությունները հանդգնեն որոշ քայլեր ձեռնարկեն, որ թուլացնեն մեր պաշտպանությունը եւ հանգեցնեն տարածքային կորուստների, բայց այս սցենարն ինձ համարյա անհնար է թվում, որովհետեւ նման ելքը նույնպես հանգեցնելու է ոչ միայն Երեւանում նստած իշխանությունների պաշտոնանկությամբ, այլ ավելի լուրջ բան է սպասվում:

Խնդիրը համակարգապես հաղթահարված է, միայն հաղթահարված չէ բանակցային ձեւաչափում: Աստեղ ոչ մի հեռանկար չեմ տեսնում, քանի որ ներկայիս Հայաստանյան դիվանագիտությունը չի կարող հանդես գալ հայոց պետականության շահերից հրապարակավ, ասել այն, ինչ ձեռնտու է Հայաստանին եւ համապատասխան վերջնագրեր եւ հստակ դիրքորոշումներ ձեւակերպել դրսում: Իրենք անընդհատ գլուխը խոնարհելու են, ասելու են՝ մեզ ժամանակ տվեք, հասարակությունները պատրաստ չեն, ադրբեջանցիներն իրենց լավ չեն պահում, թող մի քիչ էլ իրենք հանգստանան: Բանակցային այս թատրոնը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք ժառանգապես փոխանցված իշխող վարչակարգեր: Պետք են արմատական փոփոխություններ, նոր դիվանագիտական հայեցակարգեր են անհրաժեշտ, որոնց միջոցով հնարավոր է բանակցային ձեւաչափից տարածք հանձնելու բաղադրիչն իսպառ վերացնել:

Պարոն Քանանյան, ապրիլյան պատերազմից հետո նույն Հայաստանի իշխանությունները խոսում էին պաշտպանության ոլորտի թերացումների մասին, սակայն առ այսօր ոչ ոք չի պատժվել: Ինչո՞ւ ոչ ոք չպատժվեց եւ արդյոք խնդիրները շտկվել են, ինչպես որ պնդում են:

Իհարկե, շատ բան տեղերում շտկվել է, այլեւս անհնար էր չշտկել: Այն, որ ոչ ոք չի պատժվել, նույնպես բնական է, քանի որ առաջինները, որոնք պետք է պատժվեին ու նաեւ ազգային դավաճանության հոդվածներով` նախագահ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, որովհետեւ նրանք կրում են ուղղակի ամենամեծ պատասխանատվությունը: Սեյրան Օհանյանի շրջապատը 10 տարի թմբկահարում է, որ Արցախում գոյություն ունի Օհանյանի գիծ, որն անանցանելի է, անկոտրելի է, մենք տեսանք այդ գիծը, շատ տեղերում այդ գծի փաստացի բացակայությունը: ես համոզված եմ, որ երբ տեղի ունենա համակարգային իշխանափոխությունը, Սեյրան Օհանյանի անձնական մասնակցությամբ այնպիսի խայտառակագույն կոռուպցիոն տասնամյակ տեւած սխեմաների ի հայտ կգան, որ կապշեք: Այդ մարդու առասպելն ուղղակի անընդունելի է: Եթե Սեյրան Օհանյանը ցմահ չի նստում, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արվում եւ ցմահ նստում, ինչո՞ւ պետք է իրենց իսկ հրամանի տակ աշխատած «վինտիկները» պատժվեն, բնականաբար, այսօր ժամանակավորապես պաշտոն կկորցնեն, սակայն դա իրենց ապրելակերպի վրա չի ազդի, վստաեցնում եմ:

Ի՞նչ պետք է անել ապրիլյան պատերազմից խուսափելու համար:

Նախ եւ առաջ, պիտի ավելի ակտիվ զբաղվենք մեր երկրի գործերով եւ նպաստենք երկրում համակարգային փոփոխությունների արագացմանը: Ինչ-որ մի բան կատարվում է, ժամանակն առաջ է գնում: Մենք ամենացածր անկումային կետն ապրեցինք ապրիլյան օրերից առաջ եւ հենց դրանց հետեւանքով էին ապրիլյան պատերազմի օրերը, հակառակ դեպքում Ադրբեջանը չէր հանդգնի նման քայլ անել: Մենք քաղաքացիական պատասխանատվության ոգով պետք է զբաղվենք մեր երկրի փրկմամբ, ապա կերտմամբ: Մենք հաջողելու ենք, նույնիսկ ամենախայտառակ վիճակում մենք կարողացանք ցույց տալ, որ անգամ ամենաբարձր մակարդակներում համաձայնեցվող սխեմաները կարող են փշրվել 18-20 տարեկան հայ զինվորի անօրինակ սխրագործությամբ: Ոչ ոք չէր սպասում նման դիմադրության, նույնիսկ Երեւանի իշխանությունները: Ինչպես ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամենամեծ խնդիրն Ադրբեջանի ագրեսիան սանձելն ու կանգնեցնելը չէ, շատ զոհեր ենք ունենալու, որովհետեւ պետություն համարյա չունենք, գեներալիտետ համարյա չունենք, բայց ունենք զինվոր, կոմբատ եւ բնակչություն, որը պահի տակ կարող է շատ մտահոգվել, բայց հաջորդ իսկ վայրկյանին կանգնում է սահմանին եւ պահում այն:

Սակայն այն պահին, երբ պետք է սկսվի Ադրբեջանին պատժելու գործընթացը, ով կար, պետք է թառեր Երեւանի գլխին, եւ փաստորեն չթույլատրվեց կամ կասեցվեց Ադրբեջանի պատիժն` ի պատասխան ապրիլյան պատերազմի: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ պաշտոնական Երեւանն ի վիճակի չլինի, գոնե Արցախում գտնվող դաշտային հրամանատարությունը` առանց ականջ դնելու երեւանյան հրամանին, սկսի հակառակորդին լիակատար ռազմական պարտության եւ պատժի ենթարկելու պարտադիր գործողությունը: Մեր ամենամեծ խնդիրը կրկին Երեւանում է, ոչ թե Բաքվում, քանի որ Երեւանը այդպես էլ չի կարողացել գոնե կարեւորագույն հարցերում դրսեւորել ինքնիշխան կամք ռազմական ոլորտում: