Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2017 թվականից ակնկալում է խաղաղության հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր գործիչը` խոսելով 2017-ի իր ակնկալիքներից:

Անդրադառնալով վարչապետի ամենօրյա վստահեցումներին ու խոստումներին, թե տնտեսական կյանքում ստվերի ու մենաշնորհների դեմ պայքարի մասով առաջընթքց կլինի, Զուրաբյանն ասաց. «Գտե՞լ եք Հայաստանում մեկին, որը ասել է՝ այ, արդեն մենք տեսնում ենք, որ մենաշնորհները Հայաստանում չկան կամ բավականին նահանջել են: Ինչ-որ մեկը նման բան ասե՞լ է»:

Ընդդիմադիր գործչի խոսքով, Հայաստանում դասական ստվեր գոյություն չունի, կա զուգահեռ տնտեսություն, որը ենթարկվում է իշխանական բուրգի վերահսկողությանը:

«Հայաստանում իրականում ստվեր գոյություն չունի, ստվերը այն տնտեսությունն է, որը թաքնվում է պետական մարմինների վերահսկողությունից եւ պետությունը չի կարողանում որեւէ կերպ վերցնել այդ տնտեսական ակտիվությունը վերահսկողության տակ, դա է ստվերը: Այդ իմաստով, Հայաստանում դասական ստվեր գոյություն չունի: Գոյություն ունի զուգահեռ տնտեսություն, որը ենթարկվում է այս իշխանական բուրգի վերահսկողությանը, այսինքն` իրականում ՀՀ  տնտեսությունը երկու զուգահեռ մասի է բաժանվում, մեկը պաշտոնապես արձանագրվող տնտեսությունը, մյուսը իշխանական բուրգի կողմից վերահսկվող, բայց չարձանագրվող տնտեսությունը: Այսինքն ռեալ ստվերը շատ փոքր է, նկատի ունեմ` այն տնտեսական ակտիվությունը, որը ընդհանրապես չի վերահսկվում պետական իշխանության կողմից»,-ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: