Գերմանական Ophardt Technologies ու ամերիկյան Babikian Design Concepts ընկերությունները ուզում են Հայաստանում ախտահանող հեղուկների ու դիսպենսերների արտադրություն բացել։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը։
Այդ երկու ընկերությունները արդեն Հայաստանում գրանցել են համատեղ ձեռնարկություն ու բանակցում են գործարան կառուցելու համար հողատարածք գնելու մասին։ Նրանց ակնկալիքներով, հողատարածքը գնելուց 12-15 ամիս հետո գործարանը կսկսի աշխատել։ Նրանք մտադիր են մոտ 2 մլն դոլար ներդնել ու մոտ 100 աշխատատեղ բացել։
Մկրտչյանը նշել է, որ հայկական շուկան ընկերությունների համար համեմատաբար փոքր է, բայց այստեղից գործարարներն ուզում են իրենց արտադրանքը արտահանել Եվրասիական միության շուկաներ, առաջին հերթին ռուսական։ «Նրանք նախընտրում են սկսել փոքր շուկաներից։ Ժամանակին նրանք սկսել են աշխատել Ֆիլիպիններում, իսկ այնտեղից էլ դուրս են եկել չինական շուկա։ Իսկ հիմա մեր միջոցով ուզում են դուրս գալ ԵՏՄ խոշոր շուկաներ։ Միության միասնական շուկային նրանք լավատեղյակ են ու գիտեն, որ կկարողանան Հայաստանի միջոցով օգտվել դրանից։ Այստեղ նրանք ուզում են փորձել հավաստագրման պայմանները ու հասկանալ հաճախորդների պահանջները։ Երբ կզգան, որ բավականաչափ ծանոթ են շուկային՝ կսկսեն աշխատել արտահանման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը։




























