Ընթացիկ տարվա նոյեմբերի վերաբերյալ անշարժ գույքի շուկայի մասին հերթական տեղեկատվությունը ոչ մի նոր բան չբերեց: Պաշտոնական վարկածով՝ մեկ տարվա ընթացքում բնակարանների շուկայական գները չեն փոխվել: Նախորդ տարիների նման՝ ցուցանիշները միայն փոքր-ինչ «շտկվել են» դեպի թանկացում: Այդ «փոփոխություններն» ավելի արտահայտիչ դարձնելու համար ներկայացնենք գների աճի տեմպը:
Եվ այսպես, նոյեմբերի դրությամբ՝ մայրաքաղաքում բնակարանների «քառակուսի մետրի» միջին շուկայական գինն աճել է 0.06%-ից (Կենտրոն վարչական շրջան) մինչեւ առավելագույն 0.44% (Աջափնյակ): Մայրաքաղաքային առանձնատների մասով թանկացումը կազմել է 0.05%-ից (Կենտրոն եւ Արաբկիր) մինչեւ 0.11% (Նորք-Մարաշ եւ Մալաթիա-Սեբաստիա):
Արդեն ութ տարի է՝ բնակարանային շուկան կորցրել է դինամիկությունը, որը հատուկ էր անցյալ տասնամյակի սկզբին եւ կեսերին: Ներկայում այդ ոլորտում տիրող իրավիճակը լավագույնս բնորոշվում է «ռեցեսիա» եզրույթով: Նշենք, որ մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թվի դինամիկան տարվա որոշակի ժամանակահատվածներում առանձնացել է որոշակի հակասականությամբ:
Այսպես, առաջին կիսամյակում «թեթեւ» աճ է նկատվել (2.6%-ով), ինչը հետագայում փոխարինվել է լուրջ անկմամբ (հոկտեմբերին՝ 10.0%): Բայց «մինուսը» գերակշռել է. հունվար-նոյեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրածքով կրճատվել է 4.3%-ով: Նույնպիսի պատկեր է նաեւ մարզերում. բնակարանների վաճառքի անկումը կազմել է 4.4%:
Առաջընթաց չկա նաեւ առանձնատների վաճառքի հարցում: Հունվար-նոյեմբերին մայրաքաղաքում 1.6%-ով ավելի քիչ առանձնատուն է վաճառվել, քան մեկ տարի առաջ: Առանձնատների առքուվաճառքի գործարքների թվում որոշակի աճ կա, բայց զուտ խորհրդանշական՝ 0.04%:
Բնակարանային շուկայի խնդիրները հանրահայտ են. առաջարկը (ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական շուկայում) գերազանցում է գնողական պահանջարկը: Արտագաղթի հետեւանքով բնակչության թիվը շարունակում է կրճատվել, ինչը նպաստում է բնակարանային առաջարկի որոշակի աճին:
Ուշադրություն դարձնենք նաեւ ոչ պակաս կարեւոր մեկ հանգամանքի. բնակչության ապահովված շերտերը ժամանակին հասցրել են բնակարաններ եւ առանձնատներ գնել՝ իրենց կապիտալին համապատասխան: Միաժամանակ, ըստ եկամուտների բնակչությունը վաղուց արդեն հստակ տարբերակված է, իսկ սոցիալական վերելակն «արգելակվում է»:
Պետությունը փորձում է այս խնդիրը լուծել բնակչության առանձին խմբերին տարատեսակ արտոնություններ տրամադրելով: Բայց բնակարանային շուկայում դա կտրուկ եւ երկարաժամկետ տեղաշարժերի չհանգեցրեց:
Սմբատ Գրիգորյան




























