«Հ1» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հատուկ ռեպորտաժը հայկական կինոմատոգրաֆիայի վերաբերյալ, ժուռնալիստական անբարեխճության օրինակ է: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոգետ, Մշակույթի նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը` «Հայ կինոմատոգրաֆիայի արդի խնդիրները» թեմայով կլոր-սեղանի ժամանակ:

«Ռեպորտաժում ժամանակակից հայկական կինոն հակադրվում է վերջերս զարգացող հեռուստակինոյի`սերիալական կինեմատոգրաֆիայի հետ եւ սա Խորհրդարանում բյուջեի նոյեմբերյան քննարկումների նախաշեմին: Այդ ռեպորտաժը եթեր հեռարձակելն ուղղակի փորձ էր կինոյի համար հատկացված գումարները դեպի հեռուստասերիալներ տեղափոխելու»,-ասաց Մուրադյանը` հավելելով, որ հայկական կինոն վերմակ չէ, որ այս կամ այն կողմը քաշի իր վրա:

Իսկ կինոքննադատ Ռոբերտ Մաթոսյանն իր հերթին նշեց, որ հիմա դասական հեղինակների ստեղծագորոծությունները հեշտությամբ են հեռուստասերիալներ դարձնում:

«Այնքան հեշտ ենք գրական գործերին ձեռք գցում հիմա: Շատ հանգիստ կարելի է Րաֆֆիին վերցնել, ինչ ասես անել, հունցել:  Հայկական դասական հեղինակները սեմչկա են դարձել »,-վրդովված նշեց նա, հավելելով, որ ուզում են պրոֆեսիոնալ ռեժիսորների ձեռքի կինոն խլել եւ տալ սիրողական մակարդակ ունեցող ռեժիսորներին, ովքեր նկարահանում են «Խաչագողի հիշատակարան»: