Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ Ազգային ժողով ներկայացրած «Վարչական օրենսգրքում» փոփոխություներ կատարելու մասին փաթեթն արժանացել է բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների հավանությանը։ Նոյեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Արդարադատության նախարարը։
Նրա խոսքով, այդ փաթեթը ներառում է 7 հիմնական դրույթներ, որոնցից ամեկարեւորների թվում են քաղաքացիների կողմից զանազան պետական մարմինների դիմելու ընթացակարգի հեշտացումն ու նախկինում նրանցից պահանջվող մեծ թվով փաստաթղթերի քանակի զգալի կրճատումը։
«Մարդիկ այսուհետ պետական մարմիններին դիմելու խնդիր չեն ունենա, եւ բոլոր այն փաստաթղթերը, որ ներկայացվում էին բազմաթիվ պետական մարմինների, այժմ կներկայացվեն միայն մեկ մարմնի։ Վարչարարական ոլորտում մենք որդեգրում ենք հետեւյալ քաղաքականությունը՝ եթե քաղաքացին դիմում է որեւէ վարչական մարմնի, ապա անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու համար նա պարտավորված չի լինելու միաժամանակ դիմելու մի քանի վարչական մարմինների։ Պետք է գործի հետեւյալ սկզբունքը. եթե կան փաստաթղթեր, որոնք այլ վարչական մարմինների տնօրինության տակ են, ապա տվյալ մարմին ինքը պետք է փորձի ձեռք բերել տեղեկատվությունը»,- պարզաբանեց նախարարը՝ միաժամանակ ավելացնելով, որ բարեփոխումների շարքում ներառվել է նաեւ քաղաքացիների՝ էլեկտրոնային ճանապարհով վարչական մարմիններին դիմելու կարգը։
«Օրինակ, գործարարության ոլորտում, պետռեգիստրի ոլորտում՝ կլինի իրավաբանական, թե ֆիզիկական անձ, եթե դիմում են այդ մարմնին, ապա գործող կարգի համաձայն անձը պիտի դիմի նաեւ հարկային մարմիններին, որպեսզի հաշվառման կանգնի։ Եթե նա հաշվառման չի կանգնում, ենթարկվում է վարչական բավականին մեծ տուգանքների։ Բացի այդ, նոր կարգի համաձայն՝ անհատ ձեռներեցները այսուհետ պետք է հաշվառման կանգնեն միայն մեկ անգամ։ Հետագայում նա կարող է դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը, բայց վերսկսելու դեպքում նա այլեւս որեւէ պետական մարմնի դիմելու անհրաժեշտություն չունի։ Նա ընդամենը հայտ է ներկայացնում, որ ինքը սկսում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել»,- նկատեց Գեւորգ Դանիելյանը՝ հավելելով, որ գործարարության գրանցումն այսօր անցնում է 9 փուլ, իսկ գրանցումը տեւում է 18 օր։ «Մեր առաջարկության արդյունքում փուլերը կկրճատվեն՝ մնալով 5-ը, իսկ ժամկետները՝ առավելագույնը 5-6, էլեկտրոնային գրանցման դեպքում՝ ընդամենը 1 օր»,- տեղեկացրեց նախարարը։
Նա նաեւ նշեց, որ օրենքում նախատեսվել է, որ կառավարման էլեկտրոնային համակարգը կգործի մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը։
«Ցանկացած ոլորտում լիցենզիա, թույլտվություն ստանալու համար քաղաքացին հարկադրված չի լինի դիմել տարբեր վարչական մարմինների։ Դրա կարիքն այլեւս չի լինելու»,- ամփոփեց նախարարը։
Նշենք, որ նոր փաթեթի քվեարկությունն Ազգային ժողովում տեղի կունենա հաջորդ քառօրյայում։





























