ԱՄՆ աշխատանքի նախարարությունը, հնարավոր է, դատարանով Google-ին արգելի դաշնային իշխանությունների հետ բիզնես վարել, եթե իր ծառայողների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը չփոխանցի:
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ գերատեսչության իրավաբանները համապատասխան հայց են ներկայացրել վարչական գործերով դատարան: Հայցում նշված է, որ Google ընկերությունը քանիցս հրաժարվել է նախարարությանը ներկայացնել աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ, օրինակ՝ փոխհատուցման վճարների մասին: Ըստ գերատեսչության սա անհրաժեշտ է համոզվելու համար, որ ընկերությունում սեռական կամ ռասայական խտրականություն չկա: Google-ից նշել են, որ նախարարության պահանջով բոլոր տվյալները ներկայացրել են, բացի այն տվյալներից, որոնք համարել են իրենց աշխատակիցների անձնական կյանքի իրավունքի խախտում:
Նախկինում Google-ը, ի թիվս մեկ տասնյակից ավելի ամերիկյան խոշոր ընկերությունների, աջակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության դեմ Microsoft-ի հայցը, որով ընկերությունը պահանջում էր թույլ տալ օգտատերերին տեղեկացնել իշխանությունների կողմից փոստին հետեւելու դեպքում: Microsoft-ի հայցին աջակցել էին Apple-ը եւ Amazon-ը, Delta Air ավիաընկերությունը, BP America նավթային ընկերությունը, Washington Post եւ Fox News մեդիաընկերությունները, Ely Lilly դեղագործական ընկերությունը եւ այլ ընկերություններ ու ճյուղային ասոցիացիաներ:





























