Շվեյցարիայի դեմ Պերինչեկի գործով ՄԻԵԴ-ի որոշումը փաստարկների ու եզրակացությունների տեսակետից համոզիչ չէ։ Նման տեսակետ է հայտնում Ֆրիբուրի համալսարանի պրոֆեսոր Գերխար Ֆիոլկան։

Նրա խոսքով Եվրոպական դատարանը լրջորեն միջամտել է առանձին պետությունների գործողությունների ազատությանը։ «Դատավճիռը միջամտություն է տեսակետների արտահայտման ազատությանը»,- ասել է դատապաշտպանը swissinfo.ch–ին տված հարցազրույցում։

Գերխար Ֆիոլկան վտանգավոր է համարում այն փաստը, որ Հոլոքոսթի ժխտումը հակաժողովրդավարական ու հակասեմիտական գաղափարախոսության դրսեւորում է համարվում։ Նրա կարծիքով Հոլոքոսթի տարանջատումը մյուս ցեղասպանություններից որեւէ քնննադատության չի դիմանում ու եւս մեկ անգամ հրեաներին պատկերում է որպես մասնավոր դեպք։ «Ցեղասպանության ժխտումը երկրորդ անգամ է զոհ դարձնում դրանից տուժածներին։ Բացի դրանից, ժխտումը հաճախ ենթադրում է այն, որ ենթադրյալ զոհերը ուզում են գումար վաստակել ցեղասպանության մասին առասպելի շնորհիվ, ինչը անմիջականորեն ազդում է տվյալ խմբի հեղինակության վրա։ Ավելին, ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները լուրջ հանցագործություններ են, որոնք վերաբերում են ոչ միայն տուժածների, այլեւ ընդհանուր մարդկության շահերին»,- հայտնել է Ֆիոլկան։

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին ՄԻԵԴ-ի Վերին պալատը Շվեյցարիայի դեմ Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեկի գործով մերժել է Շվեյցարիայի հայցը, որի դատարանը Պերինչեկին դատապարտել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Այդուհանդերձ, դատարանի նախորդ՝ 2008-ի որոշումից հանվել են բոլոր այն գնահատականները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը։