Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ    16-ամյա Հայկ Ասիրյանի սպանության գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Դատական առաջին նիստը տեղի կունենա հունվարի 23-ին՝ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Անչափահաս Հայկ Ասիրյանի սպանության  մեջ մեղադրվում է նրա հարեւան Ռոբերտ Սահակյանը: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսիններ` Սահակ Ասիրյանի եւ Քրիստինե Մուրադյանի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու եւ Սահակ Ասիրյանի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Սահակ Ասիրյանին հրավիրել է առանձնազրույցի`հետաքրքրվելով թե ինչու չի պատժում կնոջը իր հետ տարիներ առաջ ինտիմ հարաբերություններ ունենալու համար: Ռոբերտ Սահակյանը իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Սահակ Ասիրյանին պաշտպանելու նպատակով իր թիկունքից մոտեցած Հայկ Ասիրյանի սրտին, որի արդյունքում Հայկ Ասիրյանը մահացել է: Դրանից հետո նույն դանակով հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Անդրանիկ Ասիրյանին` պատճառելով վերջինի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ռոբերտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝Սպանությունը եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: