ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ.Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աշակերտը նշված վնասվածքն ստացել է սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ աշակերտն իր համադասարանցիների հետ դեպքի օրը սրճարանում մասնակցել է Ամանորի կապակցությամբ կազմակերպված խնջույքին, որի ժամանակ սրճարան են մտել այլ տղաներ եւ գարեջուր պատվիրել, սակայն մատուցողը տեղեկացրել է, որ սրճարանում մասնավոր խնջույք է, եւ այլ այցելուներից պատվերներ չեն ընդունվում։ Տղաները շարունակել են մնալ սրճարանում, ինչի կապացությամբ վիճաբանություն է առաջացել նրանց եւ դպրոցականների միջեւ։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում՝ սրճարանի մոտ, որի ընթացքում էլ առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է աշակերտ Հ.Հակոբյանի կրծքավանդակի ձախ թիակային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս, այնուհետեւ դիմել փախուստի:
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ, եւ հունվարի 5-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ հայտարարվել է հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։





























