Արդեն 70 տարի է անցել Էլիզաբեթ Շորթ անունով երիտասարդ ամերիկուհու սպանությունից, ով առավել հայտնի է «Սեւ Գեորգին» մականունով, սակայն այդ սարսափելի սպանության առեղծվածային պատմության հանդեպ հետաքրքրությունը դեռ չի մարել։ Ամերիկուհու ճակատագրով հետաքրքրվել է նաեւ գրող Ջեյմս Բարթլեթը, որը պատմում է Սեւ Գեորգինի պատմությունը, փոխանցում է BBC–ն։
.jpg)
22-ամյա թխահեր ամերիկուհուն վերջին անգամ ողջ տեսել էին 1947-ի հունվարի 9-ին՝ Լոս Անջելեսի «Բիլթմոր» հյուրանոցի նախասրահում։ Այդ ժամանակ նրա վրա քչերն էին ուշադրություն դարձրել, ու առավել եւս ոչ ոք նրա անունը երբեւէ չէր լսել։ Բայց ամեն ինչ փոխվեց մեկ շաբաթ անց, երբ աղջկա մարմինը գտան մի ամայի վայրում։
Հունվարի 15-ի առավոտյան Բեթթի Բերսինգերն իր փոքրիկ դստեր հետ քայլում էր Լեյմերթ Պարկի նորակառույց թաղամասում, երբ նկատել է դերձակի մանեկենի երկու կեսեր, ինչպես նրան սկզբում էր թվացել։
Բայց իրականում դա մանեկեն չէր։
.jpg)
Դա Շորթի երկատված մարմինն էր։ Մարմինը գոտկատեղի մասից կիսված էր, արյունը միջից թափված, բոլոր ներքին օրգանները հանված էին, բերանն էլ մի ականջից մինչեւ մյուսը կտրված, ընդ որում մարդասպանը մանրակրկիտ լվացել էր աղջկա մարմինը։
Հետաքննության ընթացքում հարցաքննվել էին 50 կասկածյալներ, նրանցից մի քանիսը նույնիսկ խոստովանել էին, որ իրենք են սպանել աղջկան։ Սակայն իրական մարդասպանն այդպես էլ չի հայտնաբերվել, ինչից այդ պատմությունն ավելի առեղծվածային է դարձել։
Ոստիկանության նախկին աշխատակից, ներկայումս պատմաբան Գլին Մարտինի խոսքով Էլիզաբեթ Շորթի սպանությունը մարդկանց գիտակցության մեջ սերտ շաղկապվեց հոլիվուդյան գլամուրի հետ, դառնալով «տխրահռչակ կլիշե, նախազգուշական պատմություն» ։
«Պատկերացրեք մի ոգեւորված աղջկա, որը գալիս է Հոլիվուդ, երազելով դերասանուհի դառնալ ու նման տխուր վախճան է ունենում»,- ասում է Մարտինը։
Սեւ Գեորգինի թեմայով բազմաթիվ գիտական աշխատւթյուններ են գրել, արթ -նախագծեր, հեռուստատեսային շոուներ ու տեսախաղեր ստեղծել։ Նրա անունով նույնիսկ մեթալ խումբ է կոչվել։ 2006-ին էլ թողարկվել է ֆիլմ Ջեյմս Էլրոյի բեսթսելերի հիման վրա, որի հիմքում դարձյալ Էլիզաբեթ Շորթի խորհրդավոր սպանությունն էր։ Էլրոյն ինքը չի հավատում, որ մեղավորին երբեւէ կգտնեն։
Այդ դաժան ու ըստ էության ծիսակարգային սպանությունից հետո ամերիկյան մամուլը բառացիորեն խելագարվել էր։ Այդ տարիներին ընդունված էր մամուլի առաջին էջերին տպագրել ինքնասպանների հրաժեշտի գրությունների ու արյունոտ մարմինների լուսանկարները։ Տպագրվել էին նաեւ Շորթի մարմնի լուսանկարները, որի մերկությունը սակայն ծածկել էին։
.jpg)
Որոշ թերթեր նույնիսկ իրենց կողմից հավելյալ մանրամասներ էին հավելել այդ պատմությանը՝ գրելով, որ Շորթը դուրս էր եկել զբոսնելու մարմինն ընդգրկող զգեստով՝ ակնարկելով, որ նա սեքսուալ արկածներ որոնելու էր դուրս եկել։
Լրագրողները նույնիսկ չէին խորշել Էլիզաբեթի մորը խաբելուց, ասելով, որ նա հաղթել էր գեղեցկության մրցույթում։ Նրանք Շորթի մորը խաբեությամբ բերել էին Լոս Անջելես, որտեղ պատմելով նրա աղջկա ճակատագրի մասին՝ ստացել էին ցանկալի էքսկլյուզիվը՝ մոր արձագանքն այդ սարսափելի ողբերգությանը։
Շորթի գործը պաշտոնապես դեռ փակված չէ։ Իսկ «Բիլթմոր» հյուրանոցում այցելուներին առաջարկոմ են «Սեւ Գեորգին» կոչվող կոկտեյլ՝ օղիով, ազնվամորու Շամբոր լիկյորով ու Կալուա լիկյորով։ Կոկտեյլը շատ դառը համ ունի՝ իր անվանը համապատասխան։































