Պաշտոնի բարձրացում ստացած տղամարդիկ եւ կանայք հաճախ բողոքում են նոր պարտականությունների պատճառով առաջացած առողջական խնդիրներից եւ դեպրեսիայից: Բացասական հետեւանքները պահպանվում են մոտ 4 տարի: Դրանից հետո նրանք վարժվում են նոր դերին, եւ նրանց ինքնազգացողությունը լավանում է: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականները:

Մասնագետները վերլուծել են 1400 տղամարդկանց եւ 2000 կանանց տվյալները: Մասնակիցների մոտ երկու երրորդը 2008-2014 թվականների ընթացքում պաշտոնի բարձրացում չի ունեցել:

Կամավորներից մոտ 700 մարդ մեկ անգամ է բարձրացում ունեցել, 367-ը՝ երկու անգամ, 139-ը՝ երեք անգամ: Մոտ 50 մարդ կարիերայի սանդուղքով 4 անգամ է բարձրացել:

Մասնակիցները պատասխանել են առողջական վիճակի եւ դեպրեսիայի վերաբերյալ հարցերին: Պարզվել է, որ վերջին 2-4 տարում բարձրացում ստացածներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունեցել:

Ըստ որում՝ տղամարդկանց շրջանում ավելի հաճախ հոգեկան խանգարումներ են առաջացել, իսկ կանանց շրջանում՝ սոմատիկ: Սակայն պաշտոնի բարձրացումից 4-8 տարի հետո մասնակիցների առողջական վիճակը սկսել է լավանալ: