Սերբիայի արևելքում գյուղացին հրաշքով ողջ է մնացել սուրբծննդյան ցուրտ օրերին   ջրհորի  մեջ ընկնելուց ու այնտեղ -20 ջերմաստիճանում 2 օր մնալուց հետո, հայտնում  է BBC–ը։

Յեզդիմիր Միլիչը տնից հեռացել է ուրբաթ առավոտյան, որպեսզի Սուրբ ծնունդի համար մթերքներ գնի, սակայն տուն չի վերադարձել։

52 ժամ հետո համագյուղացի Գորան Մարկովիչը հայտնաբերել է Միլիչին մոտ հինգ մետր խորության ջրհորի հատակին։ Նրա խոսքով Միլիչը, ըստ երևույթին, վատ տեսողության պատճառով չէր նկատել ջրհորը ու մեջն էր ընկել։

Մարկովիչը պատմել է, որ ջրհորի մոտ տեսել էր պայուսակ, որի մեջ մի շիշ կարմիր գինի էր, մի քանի շիշ գարեջուր ու եգիպտացորենի ալյուր։

«Այդ ժամանակ ես հիշեցի, որ գյուղում խոսում էին մի կորած տղամադու մասին՝ Եզդիմիր անունով։ Հետո ես բղավոցներ լսեցի ու նայեցի ջրհորի մեջ։ Հատակին մի մարդ էր նստած,  ձեռքերն ու ոտքերը կրծքին սեղմած»,- պատմել է Մարկովիչը։

Ահազանգով ժամանած հրշեջ աշխատակիցները ջրհորից հանել են սառած գյուղացուն։ Սառելուց բացի՝ բարձրությունից ընկնելուց Միլիչը վնասվածքներ էր ստացել։

Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ուժեղ սառնամանիքի պատճառով ամանորյա տոներին ավելի քան 20 մարդ է մահացել։