Դեռեւս միջնադարից սկսյալ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ հարաբերությունները մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, բարեկամական եւ գործակցային հարաբերություններով: Այս մասին, հունվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեւայի հետ հանդիպման ժամանակ նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը փաստեց, որ հաճելի է հայ ժողովրդի հոգեւոր նվիրական կենտրոնում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին ընդունելը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ դեռեւս միջնադարից սկսյալ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ հարաբերությունները մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, բարեկամական եւ գործակցային հարաբերություններով:

Այնուհետեւ խոսք ասաց նորանշանակ դեսպանը: Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեւան անդրադարձավ Բուլղարիայում հայ համայնքի կյանքին, հայորդիների ակտիվ ներգրավվածությանը երկրի հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում: Դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ: Վերջինս վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում պիտի անի ամենը` նպաստելու երկու երկրների գործակցության եւ փոխհարաբերությունների  առավել զորացմանը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտեց, որ բուլղարական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Բուլղարիայի տարբեր քաղաքներում ձեւավորված հայկական համայնքները շարունակում են ապրել իրենց ազգային եւ հոգեւոր կյանքով: Հայոց Հովվապետն ի մասնավորի ընդգծեց, որ այդ հոգածությունը հայ ժողովրդի զավակների` Բուլղարիայի կյանքում ունեցած ազնիվ վաստակի գնահատանքն է:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր Հովվապետական այցը Բուլղարիա, անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով դեսպանին մաղթեց բարի առաքելություն եւ արդյունավետ ծառայություն:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: