Ռուսաստանը կրկին որոշել է հիշեցնել ղարաբաղյան կարգավորման մեջ իր առանցքային դերի մասին, թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ունի նույնպիսի լիազորություններ, ինչպես մյուս համանախագահները: Այդ մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ռուսական նախաձեռնությունը:

«Դա ուղերձ էր միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքում: Այդ մոտեցման ճշմարտացիության մասին են վկայում եռակողմ ձեւաչափով մյուս հանդիպումները»,- նկատել է նա:

Մեկնաբանելով համատեղ հայտարարությունը՝ ռազմագերիների եւ զոհվածների դիակների վերադարձի վերաբերյալ, Արզումանյանը նշել է, թե դա «հումանիտար, ոչինչ չասող հայտարարություն է, որի նպատակն էր մերձեցնել Աստանայի հանդիպումը»:

«Բանակցային գործընթացը վկայում է, որ շրջադարձային պահը դեռ չի հասունացել: Հակամարտության կողմերը կրկին կարձանագրեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացի կարեւորությունը, ԵԱՀԿ անդամները միաձայն աջակցություն կհայտնեն գործընթացին եւ կնշեն, որ դա միակ ձեւաչափն է»,- ասել է նա:

Ընդդիմության ներկայացուցչի կարծիքով՝ Աստանայում «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը քիչ հավանական է, քանի որ «սեղանին են դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք անընդունելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, նաեւ մերժվում են ադրբեջանական կողմից, եւ այդ համատեքստում անհնար է ուրվագծել «Ճանապարհային քարտեզը»: