Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը վերջապես մեկնում է վերականգնողական բուժում ստանալու:
NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսի մայրը` տիկին Սոնյան հայտնեց, որ հունվարի 26-ին վաղ առավոտյան մեկնում են Մոսկվա:
«Որոշում կայացվեց հետագա բուժումը շարունակել Մոսկվայում: Ավետիսի հետ նաեւ ես եմ մեկնում»,- ասաց մայրը:
Նշենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիս Զարգարյանը կմեկնի Հնդկաստան եւ այնտեղ էլ կշարունակի բուժումը: Սակայն Պաշտպանության նախարարությունը չկարողացավ ինքնաթիռ գտնել: Ի դեպ, Ավետիսի բուժման ծախսն ամբողջությամբ բարեգործական հիմնադրամն է հոգալու, նույնիսկ այս պայմաններում նախարարությունն «ալարեց» ինքնաթիռ գտնել:
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:
Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով:




























