Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նիկոլայ Վիլումսենի եւ Ռասմուս Նորտքվիսթի ներկայացրած բանաձեւը չի պարունակում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Փաստաթուղթն ընդունվել է 89 կողմ եւ 9 դեմ ձայներով, 11 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Հարցով քննարկումը խորհրդարանում անցկացվել է անցած շաբաթ: Ավելի վաղ Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը NEWS.am-ին հայտնել է, որ շատերն առաջարկում էին օրինագծի տեքստից հանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ինչը եւ վերջնարդյունքում արվեց: «Այսինքն՝ խորհրդարանում հայկական հարցն օգտագործելով՝ պատգամավորները նախընտրեցին քննադատել Էրդողանի քաղաքականությունը: Մեզ ավելի ձեռնտու կլիներ, որ բանաձեւն այս տարբերակով չընդունվեր, քանի որ այն փոփոխությունների է ենթարկվել եւ արդեն ոչ մի կապ չունի հայկական հարցի հետ»,- ընդգծեց Անահիտ Կարապետյանը:

Նաեւ հաղորդվել է, որ Դանիայի իշխող դաշինքի անդամ Liberal Alliance կուսակցությունը նահանջել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից: