«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստն անընդհատ հետաձգվում է: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավաության դատարանը նիստն արդեն երկրորդ անգամ ստիպված հետաձգում է, քանի որ քրեական գործում նոր ներգրավված հանրային պաշտպանին գործի նյութերը կիսատ են տրամադրվում:
Նոր պաշտպանին գործի նյութերը հենց ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանը պետք է տրամարդի: NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալի կինը` տիկին Կարինեն, նշեց, որ իր ամունու մոտ քրեական գործի ամբողջական նյութերը չեն եղել, այդ պատճառով էլ հանրային պաշտպանին դրանք կիսատ են տրամարդվել: Սակայն, արդեն ամբողջական նյութերը հանրային պաշտպանի մոտ են:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ տիկին Կարինեն, NEWS.am-ին պատմել էր, որ սպանված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը նաեւ դատախազ է, նախորդ դատական նիստի ժամանակ հարձակվել էր ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել:
Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:



























