Քուվեյթի Հայ ազգային վարժարանում հունվարի 29-ին, տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել է Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ՀԱԵ Քուվեյթի եւ Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, քուվեյթահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպան Բադեյանն իր ողջույնի խոսքում արժեւորել է Հայոց պետականության, նրա կայունության ու հզորության համատեքստում ՀՀ զինված ուժերի առանցքային դերակատարությունը եւ ընդգծել այն իրողությունը, որ խաղաղության ու զարգացման երաշխավոր Հայոց բանակը համահայկական ակնածանքի ու հպարտության աղբյուր է։

«Առաջնագծում կանգնած հայ զինվորն իրեն առավել ամուր ու անխոցելի է զգում, երբ վստահ է, որ բանակի նկատմամբ կա համընդհանուր միասնականություն, սեր ու պատասխանատվություն»,- մասնավորապես նշել է ՀՀ դեսպանը։

Դեսպան Բադեյանը նաեւ հատուկ կարեւորել է որակյալ կրթության հիմնաքարային դերը ամուր եւ հզոր զինված ուժերի կայացման գործում:

Միջոցառման մշակութային հատվածում Ազգային վարժարանի սաները ներկայացան երաժշտական եւ ասմունքի կատարումներով: