2016 թվականին ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցրել Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2016 թվականի հաշվետվության մեջ:
Հաշվետվությունում նաեւ ասվում է.
«Կայացավ 2015թ. դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթ փուլ: Հայաստանը միացավ ԵՄ հետազոտությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին: Մարտի 1-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց եւ ելույթներ ունեցավ մայիսի 4-ին Պրահայում՝ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, մայիսի 23-ին Բրյուսելում՝ Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հուլիսի 11-ին Կիեւում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում՝ Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Զուգահեռ Երեւանում կայացավ նաեւ ԱլԳ կրթության եւ գիտության նախարարների հանդիպումը:
Դեկտեմբերի 1-ին ԵՄ խորհուրդը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի մանդատը՝ մեկնարկելու Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները:




























