2016 թվականի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցեր է կատարել Հունաստան (մարտի 14-ից 15-ը), Կիպրոս (մարտի 15-ից 16-ը), Գերմանիա (ապրիլի 5-ից 7-ը), աշխատանքային այցելություններ՝ Բելգիա (մարտի 16-ից 17-ը), Ավստրիա (մայիսի 16), Լյուքսեմբուրգ (մայիսի 30), Լեհաստան (հուլիսի 8-ից 9-ը), Նիդերլանդներ (հոկտեմբերի 19-ից 20-ը)։

Հուլիսի 9-ին Վարշավայում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո հունիսի 24-ից 26-ը Հայաստան այցելեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը: Կայացավ Հայաստանի նախագահի եւ Հռոմի Պապի հանդիպումը։ Երեւանում Ֆրանցիսկոս I-ը վերահաստատեց նախորդ տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունը: Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Պապը համատեղ հոգեւոր արարողություններ անցկացրին Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում, ստորագրեցին համատեղ հայտարարություն:

Կայացան Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի (հունիսի 7-ից 9-ը), Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի (հոկտեմբերի 23-ից 26-ը) պետական այցերը Հայաստան: Տարվա ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական եւ աշխատանքային այցելություններ կատարեց Բուլղարիա, Բելգիա, Շվեյցարիա, Չեխիա, Չեռնոգորիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա:

Միջազգային համաժողովների շրջանակներում կայացան ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի, Ավստրիայի, Լատվիայի, Չեխիայի, Կիպրոսի, Սերբիայի, Սլովակիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հայաստան ժամանեցին մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարներ եւ պետքարտուղարներ, այդ թվում՝ Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը (փետրվարի 8-ից 9-ը), ԳԴՀ ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (հունիսի 29-ից 30-ը), Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին (նոյեմբերի 8): 27 Ժնեւում աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը փետրվարի 29-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները Երեւանում ստորագրեցին Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը։ 2016թ. դեկտեմբերին մեկնարկեցին Բրյուսել-Երեւան-Բրյուսել չարթերային, իսկ 2017թ. մարտից կմեկնարկեն կանոնավոր չվերթները:

Մայիսին Երեւանում կայացան հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որին հաջորդեց գործարար համաժողովը։ Կայացավ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ- գերմանական միջկառավարական հանձնաժողովի, հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի, ինչպես նաեւ` Հայաստան- Ավստրիա գործարար համաժողովի նիստերը։

Ակտիվ քայլեր ձեռնարկվեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ: Դեկտեմբերի 1-ից 2-ը Երեւանում կայացավ հայ- ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Տեղի ունեցան խորհրդարանական պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություներ:

2016թ. փետրվարի 7-ից 9-ը Հայաստան ժամանեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, նոյեմբերի 1-ից 3-ը` Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյը, նոյեմբերի 2-ից 4-ը` Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն: Հայկական խորհրդարանական պատվիրակություններն այցելեցին Ֆրանսիա, Գերմանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան։ Հայաստան այցելեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սլովակիայի, Սերբիայի, Հունաստանի, Բուլղարիայի խորհրդարանական պատվիրակությունները։