Երեւանի ու Բրյուսելի միջեւ նոր շրջանակային համաձայնագիրը  անկասկած, կլինի ամենաառաջադեմ երկկողմանի համաձայնագիրը ԵՄ-ի ու ԵՏՄ ցանկացած մասնակից երկրի միջեւ։  Այս մասին NEWS.am -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ Նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի ու ԵՄ միջեւ բանակցությունները անցել են եզրափակիչ փուլ։ 

«Համաձայնագրի քաղաքական մասը կպահպանի 2013-ին ընդհատված Ասոցացման մասին համաձայնագրի էությունը։ Ինչպես գիտեք, քաղաքական մասը ամրագրելու է երկու կողմերի խիստ հավատարմությունը՝ խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերում։ Եվ ամենակարեւորը՝ ընդհանուր արժեքները, որոնք հարաբերությունների հիմքն են, կամրապնդվեն։

Տնտեսական ու առեւտրի հարցերով մասը, ակնհայտ պատճառներով, այդքան հավակնոտ չի լինի, որքան ազատ առեւտրի խորը ու համընգրկուն գոտի ստեղծելու մասին պայմանագիրը։ Համաձայնագրի՝ առեւտրին վերաբերող մասը շատ համեստ է լինելու։ Այդուհանդերձ, հիմքում լինելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ռեժիմը։

Առեւտրին ու արտահանմանը վերաբերող մի քանի այլ հարց նույնպես հիմա չեն կարող այնքան հավակնոտ լինել, որքան կցանկանային Հայաստանը կամ ԵՄ-ն։ Բայց ես կարծում եմ, որ շրջանակային համաձայնագրում կլինեն տարրեր, որոնք նոր որակ կհաղորդեն տնտեսական ու առեւտրային մասին։Կարծում եմ, օտարերկրյա ներդրողներին այս համաձայնագիրը կխրախուսի Հայաստանում բիզնես բացել։ Քանի որ նույնիսկ քաղաքական տեսակետից այս շրջանակային համաձայնագիրը պարունակում է քաղաքական երաշխիքներ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունի։ Հետեւաբար իմաստ ունի դիտարկել Հայաստանում բիզնես բացելու հնարավորությունները»,– ասել է Սվիտալսկին։