Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կողմից Գերմանիայի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը «հակաամերիկյան» է անվանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարվող քաղաքականությունը, եւ զգուշացրել նրան՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց։ Շուլցը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան պետք է պաշտպանի ազատական արեւմտյան արժեքները, հաղորդում է DW–ն։
«Այն, ինչ անում է Թրամփը՝ ամերիկյան գործելաոճ չէ։ Միացյալ Նահանգները, ավելին քան աշխարհի որեւէ երկիր, միշտ եղել է լուսավորության, ժողովրդավարության եւ ազատության ջատագովը։ Եթե Թրամփը մտադիր է քանդել այդ արժեքները, ապա ես՝ դառնալով Գերմանիայի կանցլեր, նրան կասեմ. «Սա Գերմանիայի եւ Եվրոպայի քաղաքականությունը չէ», – նշել է Շուլցը։
Նա նաեւ զգուշացրել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի արեւելքում հակամարտող երկու կողմն էլ գործնականում իրագործեն մինսկյան համաձայնությունները։ «Մենք Պուտինին հստակ պետք է ասենք, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել եւ հարգել միջազգային օրենքը», – շեշտել է Մարտին Շուլցը։




























