Գալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանում իրականում ազատ ու արդար կլինեն, եթե կառավարությունը քաղաքական կամք դրսեւորի ու եթե քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը այդ գործընթացի երաշխավորների դերում հանդես գան։ Այս մասին փետրվարի 1-ին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ ՄԻլսը, Հայ-ամերիկյան Առեւտրի պալատի միջոցառման շրջանակում ելույթ ունենալով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ծրագրերի ու գործունեության ուղղությունների մասին։
Դեսպանը հիշեցրել է, որ սահմանադրական հանրաքվեից հետո ինքը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հանձնառությունը ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության վերականգնմանը։
« Ես համամիտ եմ նախագահ Սարգսյանի այն բնութագրման հետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով և հույժ կարևոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի և հասարակությունը վստահություն ունենա արդյունքների վերաբերյալ: Վստահության արժանի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության հրապարակավ ստանձնած հանձնառությունը կյանքի կոչելու հարցում օգնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի և ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների ապահովման համար, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև, ընդ որում՝ սա աննախադեպ համաձայնություն էր, որտեղ բոլոր կողմերը զիջումների էին գնացել: Այս միջոցների շնորհիվ հնարավոր կդառնան ընտրողների նույնականացումը՝ քվեարկության օրը և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:
Թույլ տվեք սակայն հստակեցնել, որ այս հավելյալ միջոցներն ինքին ազատ ու արդարացի ընտրությունների երաշխիք չեն: Դրանք կարող են գործընթացը դարձնել առավել թափանցիկ, առավել դժվարացնել կեղծիքներ թույլ տալը, սակայն ընտրություններն իրապես ազատ ու արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսևորի քաղաքական կամք՝ անցկացնելու նման ընտրություններ և երբ քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հանդես գան երաշխավորելու այդ գործընթացը: Դրա բեռը կառավարության ու դրա բաղադրիչ հանդիսացող կառույցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ ու դատական կառույցների ուսերին է, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցներ և նպաստեն այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որտեղ մարդիկ կարող են քվեախցիկում ազատ արտահայտել իրենց կամքը: Միաժամանակ, ազատ և արդարացի ընտրության համար պահանջվում է նաև քաղաքացիական ներգրավվածություն ընտրական գործընթացներում՝ քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կողմից, ինչի համար էլ մենք անցած տարի ուրախ էինք տեսնել նրանց կառավարության հետ աշխատելիս և հուսով ենք, որ դրական ու կառուցողական համագործակցության այս ոգին կպահպանվի նաև ընտրությունների շրջանում և դրանից հետո: Ազատ և արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը նաև պետք է ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների»,- ասել է դեսպանը
»,-շեշտել է Ռիչարդ Միլսը։



























