2016 թվականին USAID-ն օգնել է Հայաստանում 650 աշխատատեղ բացել: Այս մասին փետրվարի 1-ին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը Հայ-ամերիկյան առեւտրային պալատում իր ելույթի ժամանակ։
Անցյալ տարի Հայաստանում USAID-ի առաքելությունը օգնել է գյուղացիներին աջակցելու համար 6 կենտրոններ բացել, որոնք սովորեցնում են անասնաբուծության նոր մեթոդները: USAID-ն աջակցել է նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը:
Այս ծրագրերի շնորհիվ 41 նոր ձեռնարկություններ են ստեղծվել, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես զբաղված է 650 մարդ՝ հիմնականում գյուղերում:
Կրթական ծրագրերը եւս ուղղված էին աշխատաշուկայի ամրապնդմանը: Այսպես՝ 2016-ին IBM-ի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի կառավարության հետ USAID-ն օգնել է IBM-ի Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը միավորել ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական համալսարանների հետ: Այսպիսով՝ 9 համալսարանների հայ ՏՏ ուսանողները հասանելիություն են ստացել այդ ցանցին, իսկ դրա հետ՝ նաեւ ամերիկյան նորագույն գիտելիքներին:
Հայկական ծագմամբ ամերիկյան բարերարներ Հովնանյան ընտանիքի աջակցությամբ ԱՄՆ դեսպանատունը Ֆուլբրայթովյան թոշակ է սահմանել մենեջմենթի օժտված ուսանողների համար: Ուսումն ԱՄՆ-ում շարունակելով եւ Հայաստան վերադառնալով՝ նրանք իրենց հետ ձեռներեցության նոր գիտելիքներ եւ հմտություններ կբերեն, հավելեց դեսպանը:



























