Ֆինլանդիայում նույնասեռական ամուսնությունների ճանաչումը, հնարավոր է, այս տարվա մարտից ազդի նաեւ հետերոսեքսուալների վրա. միասին ապրող նույն սեռի մարդիկ նպաստ ստանալիս ստիպված կլինեն ապացուցել, որ գեյ զուգընկերներ չեն: Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա.fi»-ը: 

Ֆինլանդիայի սոցիալական ապահովագրության վարչությունը (Kela) մեկ տարածքում ապրող նույն սեռի մարդկանց շրջանում պետք է ճշտի՝ արդյոք զուգընկերներ չե՞ն, քանի որ դա կարող է ազդել սոցիալական վճարումների չափի վրա:

Արտոնությունների տրամադրումը, մասնավորապես՝ բնակարանային նպաստը կախված է զուգընկերոջ եկամուտներից, ում հետ մարդն ապրում է: Եթե մարդկանց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ չկան, բայց նրանք միասին են բնակարանը վարձակալում, ապա պետք է վարձակալման առանձին պայմանագրեր ներկայացնեն:

Kela-ում սոցիալական նպաստների վճարումները համակարգող Աննա Մյակի-Յոկելան հայտարարել է, որ գերատեսչությունն արդեն պատրաստվում է նոր օրենքի ներդրմանը: Բայց թե նորամուծությունն ինչպես է իրականացվելու, դեռեւս հստակ չէ: