Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 2017 թվականի հունվարի 5-ին, Ալեք Մանուկյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցներ Հրաչյա Պ.-ն եւ Արթուր Հ.-ն, «Աֆրոդիտե» ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ Վահե Հ.-ին եւ Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին եւ վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Միջադեպի հետեւանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Վահե Հ.-ն եւ Հարություն Խ.-ն կալանավորվել են:
Ի դեպ, համաձայն վերջիններիս նախաքննական ցուցմունքների, վիճաբանության ընթացքում սկզբում ոստիկաններն են իրենց հարվածել, ինչից հետո Վահե Հ.-ն եւ Հարություն Խ.-ն ինքնապաշտպանվելու նպատակով պատասխան հարվածներ են հասցրել նրանց:
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




























