Լեհաստանի վարչապետի մասնակցությամբ անցած շաբաթավերջին Օսվենցիմում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորը չի ճանաչում իր մեղքը, հաղորդում է RMF ռադիոկայանը։

Նշվում է, որ ըստ ճշտված տվյալների, հիմնական մայրուղով ընթացքող Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի ավտոշարասյան մեջ էր մխրճվել երկրորդական ճանապարհից ընթացող Fiat Seicento ավտոմեքենան, որի 21–ամյա վարորդ Սեբաստյան Կ.–ին ներկայացվել է ոչ միտումնավոր կերպով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները խախտելու մեղադրանք։

Լեհական օրենքների համաձայն՝ երթեւեկության ժամանակ առավելություն են ստանում այն մեքենաները, որոնց վրա միացված են ձայնային եւ լուսային ազդանշանները։

Ականատեսների վկայությամբ, վարչապետի շարասյունը առանց ձայնային ազդանշանների է երթեւեկել, իսկ վթարի համար մեղադրվող երիտասարդն էլ պնդում է, որ ինքը միացրել ձախ շրջադարձ կատարելու ազդանշանը եւ բաց թողել շարասյան առջեւից ընթացող ոստիկանական մեքենան, հետո միայն մուտք գործել մայրուղի եւ բախվել վարչապետի ավտոմեքենային։