«Առավոտ» թերթը գրում է. «Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը: Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»: Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով եւ բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր առջեւ դրված մարտահրավերներին: Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ «մեղադրական թեքումով»՝ տեսեք, սիրելի ժողովուրդ, թե ինչ են քեզ հետ արել: Իրականում այդ երկու, պայմանականորեն ասած՝ «զվարճալի» եւ «նվնվան» բեւեռների արանքում կա նաեւ սառը դատողություններ անելու դաշտ, որը հիմնականում ազատ է մնում: Երբեմն լսվում են սթափ ձայներ, ինչպիսին է իմ բարեկամ Վահե Հովհաննիսյանի ձայնը, որը, ցավոք, հրաժարվեց առաջադրվելուց: Բայց կարեւորը նույնիսկ որեւէ մեկի առաջադրվել-չառաջադրվելը չէ, կարեւոր է, թե ով ինչ խնդիրներ է առաջադրում եւ ինչ լուծումներ է տեսնում:
Կուսակցությունները եւ առանձին թեկնածուները (բացառությամբ ՀԱԿ-ի) պատրաստ չեն լրջորեն խոսելու Արցախի խնդրի մասին: Իշխանությունն ասում է, որ պետք է բանակցել, բայց «մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների», ընդդիմադիրների մեծ մասն էլ ասում է՝ «մինչեւ այս իշխանությունը չհեռանա, Արցախի խնդրի մասին խոսելն անիմաստ է»: Երկուսն էլ, թույլ տվեք ասել, դատարկաբանություն է, օդի անիմաստ ցնցում: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը իրենց այնպես են պահում, կարծես չեն հասկանում, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից լինելու է առնվազն «4-օրյա պատերազմի» նման բախում: Այս պայմաններում չափից դուրս զվարճանալը կամ նվնվալը կարծես թե այնքան էլ տեղին չէ:
Երկրորդ մարտահրավերը տնտեսությունն է: Եթե սեփականատերերի, ինչպես առաջ էին ասում՝ «մանր բուրժուաների» թիվը մոտ ժամանակներս չբազմապատկվի, մենք կկորցնենք դիմադրողականությունը, այդ թվում նաեւ՝ անվտանգության ոլորտում: Մանր սեփականատերերն են, իմ կարծիքով, ժամանակակից պետության հիմքը, մարդիկ, որոնք, ի տարբերություն վարձու աշխատողների, կորցնելու բան ունեն: Թողնել այդ մարդկանց հանգիստ, չխեղդել հարկելով՝ ահա թե ինչի մասին պետք է խոսեն քաղաքական գործիչները եւ ոչ թե տուրք տան՝ «մի հատ զավոդ կառուցեինք, աշխատեինք» ֆանտաստիկ ցանկություններին:
Եվ վերջապես, ես լրջորեն կմտածեի քաղաքական համակարգի մասին: Առաջին հայացքից թվում է՝ «էս նեղ մաջալին ի՞նչ քաղաքականություն»: Բայց դա հենց այսօրվա վիճակն է, երբ քաղաքականությունը վերածվել է փող բաժանելուն, տգետների` «ղժժալու» արժանի ճամարտակությանը եւ «լեզվանի» հռետորների կեղծավոր պոպուլիզմի: Եթե չլինի իրական քաղաքական պայքար, այսինքն՝ հասարակության տարբեր շերտերի շահերի համար օրինական հարթակ, ապա վաղը կհայտնվեն «Սասնա ծռերից» ավելի ծայրահեղական խմբավորումներ, որոնք կփորձեն իրենց նպատակներին հասնել անօրինական ճանապարհով:
…2013 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ նույնպես ամեն ինչ բավականին զվարճալի էր: Բայց այդ ընթացքն ընդհատվեց Պարույր Հայրիկյանի դեմ քստմնելի մահափորձով: Աստված մի արասցե՝ նման բան պատահի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























