Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական եւ վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության եւ ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրները, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը եւ այլն:

«Որպես առաջնային լուծում առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով ոլորտին առնչվող նախարարություններին, քաղաքացիական հասարակությանը, հանքարդյունաբերող ձեռնարկություններին, պոտենցիալ ներդրողներին, ազդակիր համայնքներին, միջազգային դոնոր կազմակերպություններին եւ այլ շահագրգիռ կողմերին,- նշել է Շուշանիկ Քերոբյանը:

Ոլորտի ռազմավարության մշակման նպատակով անհրաժեշտ է վերանայել տարբեր ժամանակահատվածներում ոլորտի վերաբերյալ արդեն իրականացված հետազոտությունները, կազմակերպել հանդիպում-հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ,  ինչպես նաեւ ուսումնասիրել  միջազգային փորձը:

Ռազմավարության մշակման համար, ըստ Շուշանիկ Քերոբյանի, անհրաժեշտ կլինի իրականացնել մեծ ծավալի աշխատանք, ինչը կներառի առաջիկա 5-10 տարիների ռազմավարական գործողությունները: